Հայաստանում քաղաքական և քաղաքացիական իրավունքների վիճակի վատթարացումը լուրջ մտահոգություններ է առաջացնում, հատկապես ազատ և արդար ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ ժողովրդավարական պայմանների տեսանկյունից։ Այս մասին մարտի 12-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «International Observatory for Democracy in Armenia» (IODA) նախաձեռնության գործադիր խորհրդի անդամ Քեննեթ Ռոթը։
Կազմակերպությունը, մասնավորապես, նշել է, որ դատական համակարգի և կրոնական հաստատությունների անկախ գործունեությանը իշխանությունների միջամտության փաստերը, ինչպես նաև ընդդիմախոսների նկատմամբ ենթադրյալ քաղաքականացված քրեական հետապնդումները (ներառյալ քաղաքական առաջնորդների, լրագրողների, իրավաբանների և հոգևորականության ներկայացուցիչների դեմ ուղղված գործողությունները) խաթարում են քաղաքական մրցակցության հավասար պայմանների նկատմամբ վստահությունը։
«Թշնամական հարևաններով շրջապատված փոքր երկրի համար ամենաարժեքավոր ակտիվը նրա ժողովրդավարությունն է։ Սա հազվադեպ երևույթ է այս տարածաշրջանում։ Ուստի այս ամենը առանձնակի տագնապ և մտահոգություն է առաջացնում, հատկապես այն պայմաններում, երբ Կառավարության գործողությունները սկսում են աստիճանաբար սահմանափակել ժողովրդավարական ազատությունները։ Ընդ որում՝ հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների անմիջական նախաշեմին», – ասել է Ռոթը։
IODA-ն անկախ և ոչ կուսակցական նախաձեռնություն է, որն ստեղծվել է 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակը մոնիթորինգի ենթարկելու համար։ Կազմակերպությունից ընդգծում են, որ այն կապված չէ որևէ կառավարության կամ միջազգային կառույցի հետ և բաղկացած է բացառապես մարդու իրավունքների անկախ փորձագետներից։
News.am
