Նախքան այսօր Գերագույն հոգևոր խորհրդի մեկնարկը ժողովի աշխարհիկ անդամները կանչվել են հարցաքննությունների, այդ պատճառով ժողովը ընդհատվել է։ Այս մասին այսօր՝ մարտի 12–ին, NEWS.am–ին հայտնեց ասել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհական մի շարք անդամների վկայի կարգավիճակով հարցաքննության են կանչել։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը, մասնավորապես, նշել էր. «Անձամբ ես, որպես փաստաբան, երկու հարցաքննության մասնակցել եմ։ Քանի որ տեսա էլի մարդիկ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, որոնք գալիս էին հարցաքննության, ենթադրում եմ, որ միայն երկու անդամներ չեն, այլ մյուս անդամները ևս շատ հետաքրքիր զուգադիպությամբ այսօր հրավիրվել են վկայի կարգավիճակով հարցաքննության, այն նույն ժամին, երբ որ պետք է ընթանար Գերագույն հոգևոր խորհրդի նիստը։
Ըստ էության, սա նույնպես եղել է միջամտություն գերագույն հոգևոր խորհրդի, այսինքն մեր Մայր եկեղեցու ներքին գործերին անուղղակի միջամտություն։ Որևէ հրատապություն ես չեմ պատկերացնում։
Սա կարևոր տեղեկատվություն է, որպեսզի մենք պատկերացնենք, որ այս քաղաքական իշխանությունները եկեղեցուց չակերտավոր ձեռք չեն քաշում, շարունակում են իրենց ապօրինի քաղաքականությունը եկեղեցու նկատմամբ և սա դրա դրսևորումներից հերթականն էր»,–ասաց նա։
Մելիքյանը հիշեցրել էր, որ սա նույն գործն է, որով մեղադրյալի կարգավիճակ ունի Վեհափառ հայրապետը և վեց եպիսկոպոսները, որոնք նույնպես Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ են և ունեն մեղադրյալի կարգավիճակ։
Սա այն նույն գործն է, որը հարուցվել է Արման Սարոյանի հայցի հիման վրա, ապօրինի վարույթ ընդունելու, ապօրինի հայցի ապահովման միջոց կիրառելու արդյունքում, հետո ապօրինի կատարողական գործողություններ կատարելու արդյունքում»,–ասել էր նա։
Երկու օր առաջ Մայր Աթոռում մեկնարկած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի ղեկավարությամբ, Էջմիածնի հաղորդագրության համաձայն, քննարկվում են «եկեղեցական կյանքը հուզող խնդիրները»։
