Логотип

ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները փորձեցին ազդել Հայաստանում ընտրական գործընթացի վրա

Եվրամիության ներկայացուցիչները, ինչպես նաև ամերիկյան, թուրքական և ադրբեջանական պաշտոնյաները փորձել են ազդել Հայաստանի ընտրական գործընթացի վրա՝ հրապարակայնորեն աջակցություն հայտնելով գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին մարտի 12-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «International Observatory for Democracy in Armenia» (IODA) նախաձեռնության անդամ Մարկ Ջոնսը։

Կազմակերպության տվյալներով՝ ԵՄ-ն Հայաստանին միլիոնավոր եվրոներ է հատկացրել՝ հիմնականում առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ հնարավոր արտաքին միջամտությունը մոնիթորինգի ենթարկելու համար։ Միևնույն ժամանակ, իշխանությունները մեղադրանքներ են հնչեցնում այն մասին, թե մի շարք ընդդիմադիր առաջնորդներ, հոգևորականության ներկայացուցիչներ և քաղաքական ուժեր ունեն «ռուսամետ» կողմնորոշում, սակայն մինչ օրս որևէ ապացույց չի ներկայացվել այդ մասին։ Նրանց ապօրինի գործունեության վերաբերյալ ապացույցներ նույնպես չեն հայտնաբերվել։

«Եթե ԵՄ պաշտոնյաներն իսկապես ցանկանում են աջակցել Հայաստանին, նրանք պետք է պնդեն, որ իշխանությունները սկսեն հարգել քաղաքացիների իրավունքները՝ ապահովելով իրապես ազատ ու արդար ընտրությունների անցկացումը», — ասել է Ջոնսը։

Նրա խոսքով՝ Հայաստանը բացառապես որպես աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ դիտարկելը նշանակում է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հայ ժողովրդի նկատմամբ, որը երկար ժամանակ պայքարել է իր անկախության, ազատության և ժողովրդավարության համար։ «Եվրոպան չպետք է համաձայնի այն բանի հետ, որ ժողովրդավարությունը զոհաբերվի աշխարհաքաղաքական մրցակցությանը», — ընդգծել է փորձագետը։

IODA-ի պատվիրակությունը Հայաստանում է եղել մարտի 7-ից 12-ն ընկած ժամանակահատվածում։ Նախնական գնահատականը պատրաստվել է երկրի քաղաքական և հասարակական կյանքի տարբեր դերակատարների՝ քաղաքական կուսակցությունների, հոգևորականության, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ընտրությունների արդարության և մարդու իրավունքների պաշտպանության համար պատասխանատու պետական մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումների հիման վրա։ Առաքելության կազմում են եղել Քենեթ Ռոթը, Ֆիլիպ Քալֆայանը, Սառա Լի Ուիթսոնը և Մարկ Ջոնսը։

IODA-ն անկախ և ապակուսակցական նախաձեռնություն է, որն ստեղծվել է 2026 թվականի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակը մոնիթորինգի ենթարկելու նպատակով։ Կազմակերպությունում ընդգծում են, որ այն կապված չէ որևէ կառավարության կամ միջազգային կառույցի հետ և բաղկացած է բացառապես մարդու իրավունքների անկախ փորձագետներից։

News.am