Логотип

Գերագույն հոգևոր խորհրդի անդամներից 4-ին կանչել են ՔԿ․ սրբազանները ցուցմունք չեն տվել

Գուգարքի և Սյունիքի թեմերի առաջնորդները՝ եպիսկոպոսներ Հովնան սրբազան Հակոբյանը և Մակար սրբազան Հակոբյանը, ինչպես նաև Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը և Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հրատապ կարգով կանչվել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության։

Նշենք, որ հունվարի 31-ին 6 եպիսկոպոսի մեղադրանք է առաջադրվել դատական ակտին խոչընդոտելու հանցակազմով։ Խոսքը Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոս Սարոյան) գործի մասին է։ Դատարանը որոշել է պաշտոնից ազատելու մասին կաթողիկոսի հայրապետական տնօրինությունն անվավեր է ճանաչել, ուստի նաև վերականգնել Սարոյանին իր պաշտոնում։

«Հարցաքննության եմ հրավիրվել վկայի կարգավիճակով»,- ՔԿ շենքի մոտ լրագրողներին հայտնեց Սյունյաց թեմի առաջնորդ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը։

Նա ընդգծեց, որ երևի Արման Սարոյանի հետ կապված գործի շրջանակում են իրեն կանչել։ Սրբազանը հիշեցրեց, որ շատ բան չի կարող ասել, քանի որ բոլոր հոգևորականներից միայն իր նկատմամբ կա խոսքի արգելք։

Մակար սրբազանի փաստաբան Արմինե Ֆանյանը լրագրողներին ասաց, որ ցուցմունք տալուց հրաժարվել են, բայց վստահեցրեց, որ հնչած հարցադրումը որևէ հրատապություն չուներ։ Շեշտեց՝ հարցը չի կարող նշել, քանի որ որպես նախաքննական գաղտնիք իրավունք չունի բարձրաձայնելու։

«Հարցի հրատապությունը զրո էր։ Մեր վստահորդների հետ կապ էին հաստատել ու ասել, թե պետք է ժամը 11։00-ին ՔԿ ներկայանան, մենք ենք խնդրել ժամը հետաձգել՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով։ Բացի այդ, Գերագույն հոգևոր խորհրդի նիստ էր ու սրբազաններին էլ ժամը հարմար չէր։ Դրանից հետո որոշեցին վկայի դատավարական կարգավիճակով ծանուցագրեր ուղարկել հեռախոսներին, ինչը պատշաճ չի արվել, քանի որ նախապես պետք է արվի»,- ասաց Ֆանյանը։

Փաստաբանը վստահ է՝ այս ամենը միտված էր Գերագույն հոգևոր խորհրդի նիստը խաթարելուն, ինչի մասին վկայում է նաև մարտի 12-ին խորհրդի աշխարհիկ անդամներին հարցաքննության կանչելու հանգամանքը։

Հայկազուն սրբազանի փաստաբան Մարինե Ֆարմանյանն էլ լրագրողներին հայտնեց, որ իր վստահորդին լրացուցիչ հարցաքննության էին կանչել, քանի որ նա մեղադրյալի կարգավիճակ ուներ։

Նա նույնպես կարծում է, որ նպատակ կար Գերագույն հոգևոր խորհրդի նիստը խաթարելու, քանի որ այն սկսվել է մարտի 10-ին և ավարտվել մարտի 13-ին։ Փաստաբանի կարծիքով՝ հնարավոր է` կարևոր որոշումներ են կայացվել կամ կարևոր հարցեր քննարկվել նիստի ժամանակ, այդ պատճառով էլ նման ջղաձգումներ են։

«Մեզ համար սպասելի չէին այսօրվա հարցաքննություններն ու այսչափ հրատապությունը, քանի որ հրատապության հարց ամենևին չկար։ Կարող էին գրավոր ծանուցագրեր ուղարկել նախօրոք ու հաջորդ շաբաթ կանչել հարցաքննությունների»,- ասաց Ֆարմանյանը։

Փաստաբանը շեշտեց՝ պետք է դիմագրավել՝ չկորցնելու համար պետությունը, ինչպես նաև օգնել հոգևոր հայրերին։

Անդրադառնալով իր մյուս վստահորդին՝ Ֆարմանյանը շեշտեց՝ եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանն այժմ երկրում չէ, նա բուժում է ստանում ԱՄՆ-ում։ Փաստաբանը միջնորդել էր վերացնել բացակայելու արգելքը Վահան սրբազանի նկատմամբ, քանի որ բժշկի կողմից ցուցում և հատուկ հրավեր ունի։

Մուշեղ սրբազանի պաշտպան Վրեժ Խաչիկյանն էլ ՔԿ–ի բակում լրագրողներին ասաց, որ իր պաշտպանյալը, օգտվելով իր իրավունքից, հրաժարվեց ցուցմունք տալ։

«Վստահ ենք, որ այս քրեական գործը արդարադատություն իրականացնելու նպատակով չի հարուցվել։ Նպատակը մեկն է՝ խոչընդոտել Մայր աթոռի բնականոն գործունեությանը։ Սահմանադրությամբ էլ ամրագրված է, որ դատական իշխանությունն իրավասու չէ խառվելու Մայր աթոռի գործունեությանը»,- ասաց Խաչիկյանը։

Բոլոր սրբազանների խափանման միջոցների հետ կապված ուղարկվել են բողոքներ։

Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։

Sputnik Արմենիա