Логотип

«Ձեռքներս ծալած չենք նստելու». Սամվել Կարապետյանի կուսակցության հայտարարությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը չի պատրաստվում ձեռքները ծալած նստել։ Կուսակցությունն արձագանքել է գործարար և բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու որոշմանը։

Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Վարդգես Ստեփանյանի գլխավորությամբ, այս գիշեր որոշեց բավարարել քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանի միջնորդությունը և ևս 1 ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը։

«Կայացվեց մի որոշում, որն ապացուցում է, թե որքան է Նիկոլ Փաշինյանը վախենում Սամվել Կարապետյանից։ Մենք պաշտոնապես հայտարարում ենք թե՛ տեղական, թե՛ միջազգային քայլեր ներառող համակարգված արշավի մեկնարկի մասին. առանց այս քայլերի Հայաստանի միջազգային հեղինակությունը կփլուզվի, քանի որ այն գնում է դեպի ավտոկրատիա (անձնիշխանություն),– ասված է հայտարարությունում։

Ըստ կուսակցության` Փաշինյանը համակարգված կերպով ոչնչացնում է Հայաստանի` որպես ժողովրդավարական պետության լեգիտիմությունը:

«Մենք ձեռքներս ծալած չենք նստելու։ Առաջիկա օրերին մենք կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին։ Երեք ամսից Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը»,- ասվում է հայտարարությունում:

Sputnik Արմենիա