ՀՀ անկախության պաշտպանության հարցը հնարավոր է լուծել միայն քաղաքական ուժերի համախմբման ու միասնական ճակատի ձևավորման միջոցով։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համագումարի ժամանակ այս հայտարարությունն արեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Ըստ նրա` Հայաստանի անկախության պաշտպանության մարտերում, որը հիմա մղվում է, բոլոր ուժերը պետք է կանգնեն մեկ ճակատում։
«Ստեղծված մարտահրավերները հնարավոր է դիմագրավել պայմանով, որ եթե մենք կարող ենք այնպես կազմակերպվել, որ ընտրություններում ոչ թե մանդատների խնդիր լուծենք, այլ պաշտպանենք ՀՀ 3-րդ հանրապետությունը»,– ասաց նա։
Մարուքյանն ընդգծեց, որ ներկայում ձևավորվող քաղաքական գործընթացները չեն սահմանափակվում «խաղաղություն, թե պատերազմ» հակադրությամբ։.
«Սա բացարձակապես կեղծ ձևավորված «խաղաղություն, թե պատերազմ» բաժանման մասին չէ։ Եկող պրոցեսները ամբողջությամբ լինելու են այս բանավեճի շուրջ, բանավեճը բացված է, դաշտը բաժանված է։ Բաժանումներ են եղել վերջին շրջանում`, նախկիններ, ներկաներ, սևեր, սպիտակներ, հիմա նոր բաժանում է արվել, ասվում է, մեկ ուժ ուզում է խաղաղություն։ Առաջիկա ընթացող պրոցեսները սրա մասին են լինելու, այն մասին չէ, որ Հայաստանը գնում է Արևմուտք, Հայաստանը դառնում է ավելի եվրոպական, այն մասին չէ, որ ինչ-որ մարդիկ իբր թե Հայաստանի անկախությունն են պաշտպանում, ո’չ։ Հայաստանի անկախությունը հենց պետք է մենք պաշտպանենք, որովհետև մեզ է վիճակված, և այդ վիճակը գցված է»,–ասաց նա։
Մարուքյանը նաև ողջունեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձները՝ նշելով, որ դրանք ուղղված են Հայաստանում ներքաղաքական դաշտում կոնսոլիդացիայի ապահովմանը և ավելի խոշոր քաղաքական բևեռի ձևավորմանը, որը կարող է ընտրություններով լուծել ՀՀ առջև ծառացած խնդիրները։
Sputnik Արմենիա
