ՀՀ գործող կառավարության օրոք բոլոր հայրենասեր մարդիկ թիրախում են, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով կուսակցության ներկայացուցիչ, հետախույզ Արթուր Ավանեսյանի ձերբակալությունը:
Ավանեսյանը, որը ղեկավարում է կուսակցության անվտանգության բաժինը և համակարգում «Ուժեղ խաղաղություն» ծրագիրը, երկու ամսով կալանավորվել էր կաշառակերության մեղադրանքով:
«Այս իշխանության օրոք բոլոր հայրենասեր մարդիկ լինելու են թիրախում։ Պետք է պատրաստ լինենք, որովհետև այս իշխանությունը կատարում է դրսի պահանջները, կոնկրետ՝ Ալիևի (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև-խմբ․) պահանջները։ Բոլոր հայրենասեր մարդիկ թիրախում են, ինչը չկարողացան անել Ալիևը և Ադրբեջանը 30 տարվա ընթացքում՝ իրենց հրամանով դա կատարեց ՀՀ իշխանությունը։ Բայց շուտով մեր հաղթանակից հետո հերոսները նորից դառնալու են հերոս»,- ասել է նա:
Մեկնաբանելով Հայաստանում աղքատության բարձր մակարդակը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը, որպես իրավիճակի պատճառ, նշել է իշխանության պաշտոնյաների մտքում «տոտալ աղքատությունը»:
«Այս իշխանությունները չեն կարող ընդունել նորմալ ապրող մարդկանց, նրանք կարողանում են կառավարել միայն աղքատ մարդկանց, որ 10 000 դրամ թոշակ բարձրացնելով թելադրեն իրենց ոչ հայրենանվեր բոլոր խոսույթները»,- հայտարարել է Կարապետյանը։
Պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից «Գերնիկա» մրցանակն ստանալու մասին հարցին՝ կուսակցության առաջնորդն այն անվանել է «թաքնված կաշառքի ձև»։
«Դա դրսից կառավարման ձև է, տեսել են վարչապետի թույլ կողմերը։ Քանի որ նա չի կարող ստանալ ոչ մի մրցանակ երկրի ներսում, հանձնելով այդպիսի մրցանակներ՝ նրանք թելադրում են իրենց ուզած պայմանները»,- ընդգծել է «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը։
Հարցին, թե ինչպե՞ս է նա պատրաստվում ծախսել իր 1 դրամ աշխատավարձը, եթե ընտրվի վարչապետ, Կարապետյանն ասել է՝ կառաջարկի, որ ներկայիս վարչապետի կողմից ստեղծված երաժշտական խումբը շարունակի իր գործունեությունը՝ խոստանալով ամսական 1 դրամ փոխանցել նրանց։
Ավելի վաղ «Ուժեղ Հայաստանը» հայտարարել էր, որ եթե Կարապետյանն ընտրվի վարչապետ, կհրաժարվի աշխատավարձից և փոխարենը կստանա ամսական 1 դրամ։
Կարապետյանը նաև խոսել է կուսակցության երիտասարդ կողմնակիցների հետ հանդիպման մասին։ Նա ասել է, որ հանդիպումը ոգեշնչող էր։
«Շատ վաղուց չէի տեսել միասին այդքան հայ հայրենասեր երիտասարդների, խելացի երիտասարդների։ Իրենց հարցերից երևում էր՝ ինչքան հայրենասեր են»,- ասել է նա՝ հավելելով, որ այս հանդիպումները շարունակական կլինեն։
Armenia Today
