ԱՄՆ-ը վիզա չի տրամադրել ռուսական պատվիրակության ներկայացուցչին՝ Նյու Յորքում ապրիլի 27-ից մայիսի 8-ն անցկացվող ՄԱԿ-ի Տեղեկատվության կոմիտեի նստաշրջանին մասնակցելու համար։ Դրա մասին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ Ըստ նրա՝ վիզայի համար փաստաթղթերը ժամանակին են ներկայացվել, գրում է «Коммерсантъ»-ը։
«Ամերիկյան կողմի այդ գործողությունը (իսկ փաստացի՝ անգործությունը) մենք ընդունող պետության մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կոպիտ և համակարգված խախտում ենք որակում»,- ՄԱԿ-ի Տեղեկատվության կոմիտեի 48-րդ նստաշրջանում հայտարարել է Նեբենզյան։ Նա կազմակերպության քարտուղարությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել «այդ արատավոր քաղաքականացված գործելաոճը դադարեցնելու» ուղղությամբ, դրանց թվում՝ արբիտրաժային ընթացակարգ սկսելու միջոցով։
ԱՄՆ-ը ևս մեկ ռուսաստանցի դիվանագետի թույլ չի տվել մասնակցել Բրետոն-Վուդսյան հաստատությունների գարնանային հանդիպումներին՝ G20-ի գագաթնաժողովին ընդառաջ, հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին։
Ռուսական պատվիրակության ներկայացուցիչն արդեն վիզա ուներ, սակայն նրան հանել են մասնակիցների ցուցակից, պատմել են ԱԳՆ-ում։ Ամերիկյան կողմը դա բացատրել է նրանով, որ «չեն անցել համաձայնեցման բոլոր փուլերը»։
Ռուսաստանն ԱՄՆ-ին դեմարշ է հայտարարել, հավելել է Բիրիչևսկին։ «Դա մի այնպիսի տհաճ միջադեպ էր, որը վկայում է այն մասին, որ ամերիկացիներն ի վիճակի չեն մինչև վերջ ազնվորեն կատարել նախագահական իրենց ստանձնած գործառույթները»,- Համագործակցության և ներդրումների միջազգային խորհրդի նիստում ասել է նա։
News.am
