Логотип

Ազատ առևտրի համաձայնագիր ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև. Ի՞նչ է շահելու Հայաստանը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30–ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ–ի, դրա անդամ երկրների և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրին։

Համաձայնագրի նպատակն է ազատականացնել և պարզեցնել Կողմերի միջև ապրանքների առևտուրը, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով։

Համաձայնագրի անբաժանելի մաս են հանդիսանում նաև կից ցանկերը, որոնց մեջ ներառված ապրանքատեսակների հանդեպ Կողմերը պատրաստ են տրամադրել սակագնային արտոնություններ: Հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն գյուղատնտեսական ապրանքները, որոնք հանդիսանում են ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ, մասնավորապես՝ հանքային ջրեր (գործող մաքսատուրք՝ 5%, համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո՝ 0%), պահածոյացված մրգեր և բանջարեղեն (գործող մաքսատուրք՝ 20%, համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո՝ 0%), մրգային հյութեր (գործող մաքսատուրք՝ 5%, համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո՝ 0%), ջեմեր (գործող մաքսատուրք՝ 5%, համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո մաքսատուրքը նվազեցում է 50% -ով) և այլն։

Արդյունաբերական ապրանքների մասով ընտրությունը ևս իրականացվել է վերոնշյալ սկզբունքով և ներառում է այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են պղնձե արտադրանքը (գործող մաքսատուրք՝ 5%, համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո 0% կամ մաքսատուրքի նվազեցում 3 տարվա ընթացքում մինչև 0%), դեղամիջոցները (գործող մաքսատուրք՝ 5%, համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո 0% կամ նշված խմբի առանձին ապրանքների մասով մաքսատուրքի նվազեցում 3-ից 15 տարվա ընթացքում մինչև 0%), ոսկերչական իրերը (գործող մաքսատուրք՝ 15%, համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո նշված խմբի առանձին ապրանքների մասով մաքսատուրքի նվազեցում 5-ից 15 տարվա ընթացքում մինչև 0%) և այլն։

Համաձայնագրով կանխատեսվում է էապես բարձրացնել ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մրցունակությունն ինդոնեզական շուկայում, դրա հաշվին ավելացնել ապրանքների արտահանումը Ինդոնեզիա։

News.am