Логотип

Նոր ֆինանսական պարտավորություններ. ՀՀ-ն կվավերացնի Խաղաղության խորհրդի կանոնադրությունը

Հայաստանը կվավերացնի Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Կառավարությունն այսօր հավանություն տվեց արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախագիծը` վավերացման ներկայացնելու ՀՀ Ազգային ժողով:

Որոշման մեջ նշվում է, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը Հայաստանի կողմից ստորագրվել է 2026թ. հունվարի 22–ին:

Կանոնադրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրել է 2026թ. հունվարի 16–ին, իսկ որոշ պետություններ այն ստորագրել են մի քանի օր անց` հունվարի 22–ին (Արգենտինա, Ադրբեջան, Բահրեյն, Հունգարիա, Ինդոնեզիա, Հորդանան, Ղազախստան, Կոսովո, Մոնղոլիա, Մարոկկո, Պակիստան, Պարագվայ, Կատար, Սաուդյան Արաբիա, Թուրքիա, ԱՄԷ, Ուզբեկստան):

«Խաղաղության խորհուրդը ստանձնում է խաղաղության հաստատման գործառույթները, այդ թվում՝ խաղաղության ձգտող բոլոր ազգերի և համայնքների կողմից կիրառելի լավագույն գործելակերպի մշակումը և տարածումը՝ միջազգային իրավունքի համաձայն և կանոնադրությամբ սահմանված կարգով»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Խաղաղության խորհրդի կանոնադրությունն ուժի մեջ է մտնում, երբ երեք պետություններ համաձայնում են, որ այն պարտադիր ուժ ունի իրենց համար։

Խաղաղության խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որի հիմնական նպատակը կայունության խթանումն ու խաղաղության ապահովումն է հակամարտությունից տուժած տարածքներում:

Ի դեպ, ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունով առկա են Հայաստանի համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ՝ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով: Գումարի չափը չի նշվում, սակայն ըստ առկա տեղեկությունների՝ 1 մլրդ դոլարից ավելի անդամավճարը պարտադիր է նորաստեղծ խորհրդի մշտական անդամների համար։

Հիշեցնենք` 2026 թվականի հունվարին 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ Գազայի հատվածում տիրող իրավիճակը կարգավորելու համար Խաղաղության խորհուրդ կձևավորվի, և նա մի շարք պետությունների ղեկավարների (այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Բելառուսի) հրավիրեց միանալ այդ նախաձեռնությանը:

Sputnik Արմենիա