Логотип

Մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայիսի 4-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, «Կառուցելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսով մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ էլ կանցկացվի միջոցառումը։

Գագաթնաժողովի աշխատանքներին կմասնակցեն եվրոպական երկրների առաջին դեմքերը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Ընդհանուր առմամբ Եվրոպական քաղաքական համայնքը միավորում է մոտ 50 երկրի առաջնորդների։

Միջոցառմանը կմասնակցեն նաև Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից բացի, 2026 թվականի մայիսի 4–5-ին Երևանում կանցկացվի նաև ԵՄ—Հայաստան գագաթնաժողովը, որի ընթացքում, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության խորացումը, տարածաշրջանային անվտանգությունը և միջազգային հիմնական մարտահրավերները։

Հայտարարվել էր, որ հանդիպումը կարևոր հանգրվան կդառնա ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունների զարգացման մեջ և ուղղված կլինի երկկողմ համագործակցության խորացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կապակցվածության և տնտեսական զարգացման ամրապնդմանը։

Բանակցությունների ընթացքում առաջնորդները կքննարկեն փոխգործակցության ընդլայնումը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, թվային տեխնոլոգիաները և ենթակառուցվածքային կապակցվածությունը։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի ընթացիկ գլոբալ մարտահրավերներին, ներառյալ Ուկրաինայի շուրջ իրավիճակը և Մերձավոր Արևելքում շարունակվող ճգնաժամի հետևանքները։

Գագաթնաժողովի արդյունքներով նախատեսվում է ընդունել համատեղ հայտարարություն, ինչպես նաև ստորագրել մի շարք փաստաթղթեր, որոնք ուղղված են ԵՄ—Հայաստան գործընկերության հետագա զարգացմանը։

Բացի այդ, եռօրյա պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը նույնպես կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

News.am