Логотип

Ալիևը երևանյան հարթակն օգտագործեց իր թեզերն առաջ տանելու համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երևանյան հարթակը օգտագործեց իր թեզերն առաջ տանելու, պատերազմական հանցագործություններն ու Արցախի բռնազավթումն արդարացնելու համար։ Այսօր նա տեսակապով ելույթ ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում՝ հայտարարելով, թե Եվրոպական խորհրդարանն ու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը թիրախավորել են Ադրբեջանը, մինչդեռ Բաքուն «Ղարաբաղում 2023թ․ վերջ էր դրել անջատողականությանը»։

Ալիևը նշեց, որ ԵԽԽՎ-ի համար երկակի ստանդարտները դարձել են աշխատելաոճ, քանի որ «տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար» ԵԽԽՎ-ն մի քանի անգամ պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանական պատվիրակության նկատմամբ։

Ըստ Ալիևի՝ Եվրոպական խորհրդարանն էլ «խաղաղության գործընթացին նպաստելու փոխարեն սաբոտաժի մասին է խոսում». 2021թ․ մայիսից մինչև 2026թ․ ապրիլի 30-ը Եվրախորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք «վիրավորական կերպով սուտ տեղեկություններ են պարունակում Ադրբեջանի մասին»։

Ադրբեջանի նախագահն ընդգծեց՝ Եվրոպական խորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանին՝ տարածելով զրպարտություն և սուտ, իսկ դրա պատճառն այն է, որ «Բաքուն պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ դրել անջատողականությանն ու պատերազմական հանցագործներին արդարադատության առաջ կանգնեցրել»։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ դրա համար էլ Ադրբեջանը մայիսի 1-ին որոշում կայացրեց բոլոր ուղղություններով կասեցնել համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ։

Հիշեցնենք` ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանը բանաձև էր ընդունել, որով դատապարտում էր Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդների անօրինական կալանավորումը և պահանջում էր անհապաղ ազատ արձակել նրանց։ Եվրախորհրդարանը նաև կոչ էր անում ապահովել արցախահայերի անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխիքների ներքո։ Պահանջում էր պատասխանատվություն հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար և կոչ է անում իրականացնել միջազգային գնահատման առաքելություն։

Նշենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»: