Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ միջնորդավորված բանակցությունների ընթացքում Վաշինգտոնը չափազանց մեծ ախորժակ է դրսևորում: Այս մասին, ինչպես հաղորդում է IRNA-ն, Բաղային ասել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը հաստատել է, որ Իրանը պակիստանցի միջնորդների միջոցով ԱՄՆ-ից պատասխան հաղորդագրություն է ստացել: Սակայն նա նշել է, որ փաստաթղթի վերլուծությունը հեշտ չի լինի Վաշինգտոնի դիրքորոշման պատճառով:
«Մենք ԱՄՆ-ի ուղերձը ստացել ենք Պակիստանի միջոցով: Այս պահին ես չեմ խորանա մանրամասների մեջ, քանի որ հարցերը դեռ քննարկման փուլում են: Այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ, հաշվի առնելով չափազանց մեծ ախորժակ դրսևորելու և ոչ ողջամիտ պահանջներ ներկայացնելու ամերիկյան կողմի սովորությունը, այս պատասխանի ուսումնասիրությունը հեշտ գործ չի լինի»,-ասել է դիվանագետը:
Անդրադառնալով Պարսից ծոցում տիրող իրավիճակին՝ Բաղային հիշեցրել է, որ հենց Իրանն է միշտ հանդես եկել որպես այդ կենսական նշանակության ծովային ուղու անվտանգության երաշխավոր:
«Վերջին 40–50 օրվա բոլոր միջադեպերը Իրանի դեմ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի (Իսրայելի- խմբ.) ռազմական ագրեսիայի ուղղակի հետևանքն են: Մինչև փետրվարի վերջ Հորմուզի նեղուցը բացարձակապես անվտանգ վայր էր միջազգային նավագնացության համար: Քաոսը սկսվեց միայն մեր երկրի վրա հարձակումից հետո»,-ընդգծել է Բաղային:
Ավելի վաղ Թեհրանը զգուշացրել էր ԱՄՆ-ին չմոտենալ Հորմուզի նեղուցին:
Sputnik Արմենիա
