ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ ապրիլի 15-ին, արտահերթ նիստում սահմանել է մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 3 ուժերի նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը:
Մասնավորապես, ԿԸՀ-ն վիճակահանությամբ սահմանել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի հանրային ռադիոյից և հանրային հեռուստատեսությունից եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը:
Նիստին ներկա Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքի, «Երկիր Ծիրանի» կուսակցության և ՀՀԿ-ի ներկայացուցիչներից յուրաքանչյուրը պատահականության սկզբունքով ապակե տարայից դուրս են բերել նախապես համարակալված առարկաները, որով որոշվել է, թե տվյալ օրը քարոզարշավի եթերաժամի ընթացքում քաղաքական ուժը որերորդն է հանդես գալու: Թե Հանրային հեռուստատեսության, թե Հանրային ռադիոյի եթերի յուրաքանչյուր քարոզչության օրվա համար կատարվեց առանձին վիճակահանություն:
Նշենք, որ ըստ սահմանված կարգի` ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվում է ժամը 19.15-ից, իսկ հանրային ռադիոյով` 21:15-ից, նշված ժամանակահատվածը կարող է տեղաշարժվել մինչև 30 րոպեով:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությանը, դաշինքին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 30 րոպե անվճար և մինչև 50 րոպե վճարովի եթերաժամ: Հանրային ռադիոն տրամադրում է 50 րոպե անվճար և մինչև 80 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2017թ. մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 21-ին և կավարտվի մայիսի 12-ին: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է երեք ուժ՝ ՀՀԿ-ն, որի քաղաքապետի թեկնածուն Տարոն Մարգարյանն է, «Ելք» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է:
