Գարիկ Իսրայելյան. Հայաստանում անցկացված «Սթարմուս»-ը փառատոնի պատմության մեջ ամենաազդեցիկն էր

«Starmus F VI. 50 տարի Մարսի վրա» 6-րդ փառատոնի շրջանակոփւմ կազմակերպվել է շուրջ 200 միջոցառում՝ ավելի քան 100.000 մասնակցով, անցկացվել են միջազգային ճանաչում ունեցող արտիստների մասնակցությամբ 3 համերգներ, շուրջ 100 դասախոսություն է կայացել 8 բուհում, այլ կրթական հաստատություններում, բաց տարածքներում՝ Երևանի ու մարզերի սովորողների, ինչպես նաև հանրային լայն շրջանակների մասնակցությամբ։

Փառատոնի մասին հաղորդագրություններ են տարածվել միջազգային մամուլում։

«Տարբեր չափանիշներով, այդ թվում՝ մասշտաբայնությամբ Հայաստանում անցկացված «Սթարմուս»-ը փառատոնի պատմության մեջ ամենաազդեցիկն էր»,-ասել է «Սթարմուս»-ի տնօրեն Գարիկ Իսրայելյանը կառավարությունում տեղի ունեցած կազմակերպչական աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նիստում։

Նիստի ընթացքում ամփոփվել են 2022 թ. սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում կայացած «Սթարմուս» գիտության և արվեստի 6-րդ միջազգային փառատոնի արդյունքները։

Կառավարությունից հայտնում են, որ ն իստին մասնակցել են «Սթարմուս»-ի միջազգային և հայաստանյան գրասենյակների, ինչպես նաև հայաստանյան պետական և մասնավոր գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Սթարմուս»-ի խորհրդի անդամները՝ փառատոնի համահիմնադիր և տնօրեն Գարիկ Իսրայելյանի գլխավորությամբ, ներկայացրել են փառատոնի հիմնական ձեռքբերումները:

Նիստի մասնակիցները համակարծիք են եղել, որ «Սթարմուս 6-ը» Հայաստանում վերջին 30 տարում կազմակերպված առաջին գիտական փառատոնն էր, որով հանրայնացվել է հատկապես երիտասարդության շրջանում նման բովանդակության նկատմամբ առկա մեծ պահանջարկը։

Նիստում կարևորվել է նաև փառատոնի շրջանակում մեր երկիր այցելած գիտնականների և մշակութային գործիչների ներուժի իրացումը, ինչը կնպաստի ՀՀ միջազգային հեղինակության բարձրացմանը նշված ոլորտներում։

Panorama.am