ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԵՆ ԿՈՒՅՍ ԿՈԿՈՐԴԻԼՈՍԻ ՁՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔ

Պատմության մեջ առաջին անգամ գիտնականները կույս կոկորդիլոսի մոտ ծնունդ են արձանագրել այն բանից հետո, երբ հայտնաբերել են էգ, որը 16 տարի Կոստա Ռիկայի սողունների այգում մեկուսացված ապրել է և ձու ածել: Այս մասին հայտնում է Biology Letters գիտական ​​ամսագիրը։

Էգ կոկորդիլոսին վանդակում փակել են 2002 թվականին, երբ նա ընդամենը երկու տարեկան է եղել։ 16 տարի նա ապրել է Reptilandia սողունների այգում և մենակ մնացել: 2018 թվականի հունվարին փորձագետները նրա խցիկում հայտնաբերել են 14 ձու, որոնք նա ածել է առանց արուի մասնակցության։ Յոթ ձու կենսունակ է եղել:

Կենդանաբանական այգու աշխատակիցներն այս ձվերը դրել են ինկուբատորի մեջ, սակայն դրանցից ոչ մեկը դուրս չի եկել: Երեք ամիս անց մասնագետները բացել են ձվերը։ Դրանցից վեցի պարունակությունն անորոշ է եղել, բայց մեկը պարունակել է լրիվ ձևավորված, թեև անշունչ պտուղ։ Գենետիկական վերլուծությունը ցույց է տվել, որ այն գրեթե նման է մորը:

Նման բեղմնավորումը, որը նաև հայտնի է որպես ֆակուլտատիվ պարթենոգենեզ, անսեռ բազմացման տեսակ է այն կենդանիների մեջ, որոնք սովորաբար սեռական ճանապարհով են վերարտադրվում: Գիտնականները փաստագրել են այս երևույթը, մասնավորապես, վանդակում պահվող թռչունների, շնաձկների, մողեսների և օձերի մոտ։ Մինչ այժմ այս երևույթը երբեք չի գրանցվել կոկորդիլոսների մոտ։ Բազմացման այս եղանակը կարող է ավելի տարածված լինել անհետացող տեսակների մեջ: Վայրի կենդանիների պոպուլյացիաների ուսումնասիրությունները կարող են բացահայտել ավելի շատ նման դեպքեր:

Բացի դրանից, կոկորդիլոսի հետ կապված այս դեպքի հայտնաբերումը թռչունների հետ ընդհանուր էվոլյուցիոն ծագման ապացույց է: Բացահայտումը կարող է լույս սփռել դինոզավրերի վերարտադրողական ունակության վրա և նոր պատկերացումներ տալ այս հատկանիշի էվոլյուցիոն ծագման վերաբերյալ, ասում են գիտնականները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չարլի անունով էգ մողեսի ձագերը, ով ապրում է Ամերիկյան Թենեսի նահանգի Չատանուգա քաղաքի կենդանաբանական այգում, հղիացել են առանց արուի մասնակցության։ Պարզվել է, որ երեք ձագերն էլ մոր գենետիկական պատճեններն են։

ShantNews.am