ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՃԵՂՔԵԼ ԱՐՑԱԽԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ

Օգոստոսի 28-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հաղորդեց այս օրերին հազվագյուտ լավ նորություն. Լիխտենշտեյնի արքայազն Միխաելը պատրաստակամություն է հայտնել գլխավորելու մարդասիրական օդային օգնությունը դեպի շրջափակված Արցախ և գտնվելու մարդասիրական օգնությունը տեղափոխող օդանավում:

«Լիխտենշտեյնի արքայազն Նորին Վսեմություն Միխաելի հետ միասին աշխարհի այլ առաջնորդներ, պետությունների ներկա և նախկին ղեկավարներ ևս պատրաստ են կենսական անհրաժեշտության ապրանքներն օդային կամուրջով հասցնել Լեռնային Ղարաբաղ»,-ասված է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործընկեր շվեյցարական Impact Investing Solutions ընկերության մամլո հաղորդագրության մեջ: «Սա շատ վառ օրինակ է, որ միջազգային դերակատարները պատրաստ են իրական աջակցություն տրամադրել, եթե լիովին տեղեկացված լինեն Արցախում տիրող իրավիճակի մասին»,- նշել է Վարդանյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր գործադրել, որպեսզի աշխարհն իսկապես հասկանա, թե ինչ է կատարվում այժմ Արցախում:

Դեպի Արցախ օդային օգնություն կազմակերպելու կոչն անողների թվում են Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեյմա Գբովին, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար և առողջապահության նախկին նախարար Բեռնար Քուշները, Unilever ընկերության նախկին գլխավոր տնօրեն Պոլ Պոլմանը, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն և ուրիշներ: Հաղորդվում է, որ օգնության կազմակերպումն ընթացքում է և մինչև շրջափակման ավարտը պետք է օգնի տեղի բնակչության գոյատևմանն ու կենսագործունեության ապահովմանը:

Արձանագրենք հաղորդագրության մեջ նշված ևս մեկ կարևոր հանգամանք. «Ստեփանակերտի օդանավակայանը կարող է շահագործվել այս նպատակով։ Պարենի համաշխարհային ծրագրին և Կարմիր խաչին կոչ է արվել առաջիկա օրերին կազմակերպել չվերթը»։

Այսպիսով, կարելի է հուսալ, որ առաջիկա օրերին, Ռուբեն Վարդանյանի և «Ավրորա» նախաձեռնության իր գործընկերների ջանքերի շնորհիվ, կճեղքվի Արցախի առնվազն օդային շրջափակումը, և մարդասիրական օգնությամբ օդանավերը հանրապետություն կհասցնեն ամենաանհրաժեշտ ապրանքները: Դժվար թե Ադրբեջանը համարձակվի կրակել մարդասիրական բեռով լի ինքնաթիռների վրա, որոնց մեջ լինելու են աշխարհահռչակ գործիչներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Եվ եթե ԿԽՄԿ-ն իրականացնում է Արցախում իր առաքելությունը շրջափակման առաջին իսկ օրվանից, ապա ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) այն կառույցն է, որին ՀՀ և Արցախի իշխանություններն այդպես էլ չդիմեցին ավելի քան 260 օրերի ընթացքում։

Օրերս «ԳԱ»-ն արդեն անդրադարձել է այդ թեմային՝ նշելով, որ դեպի Արցախ օդային մարդասիրական միջանցքի կազմակերպման համար պահանջվում է քաղաքական կամք և դիվանագիտական ջանքեր։ Այն վիճակում, որում հայտնվել է Արցախը, ՊՀԾ-ին դիմելը թվում էր ամենաբնական և օրինաչափ քայլերից մեկը. այդ կառույցը հենց նման իրավիճակներում օգնության ցուցաբերման հարուստ պատմություն ունի: Նույնիսկ հաշվի առնելով միջազգային մեխանիզմների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի հանրահայտ իներտությունն ու բյուրոկրատիզմը, ինչպես նաև հարցի ծայրահեղ քաղաքականացվածությունը, ՊՀԾ-ի ներգրավումը արժանի էր հայկական կողմի ամենասևեռուն ուշադրության:

ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԻՑ ՎԵՐՑՎԱԾ ՄԻ ՔԱՆԻ ՓԱՍՏ։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը մարդասիրական խոշորագույն կազմակերպությունն է: «Մենք կյանքեր ենք փրկում արտակարգ իրավիճակներում և տրամադրում պարենային օգնություն՝ խաղաղության, կայունության և բարգավաճման ուղի հարթելու այն մարդկանց համար, որոնք վերականգնվում են հակամարտություններից, աղետներից և կլիմայի փոփոխության հետևանքներից հետո: Մենք աշխատում ենք ավելի քան 120 երկրներում և տարածքներում»: Ուշադրություն դարձնենք. «երկրներում և տարածքներում», այսինքն՝ երկրի ճանաչված կամ չճանաչված լինելը որևէ նշանակություն չունի ՊՀԾ-ի օգնությունը ստանալու համար:

Արտակարգ իրավիճակներում կառույցը «հրատապ օգնություն է ցուցաբերում ռազմական գործողությունների, բնական և տեխնածին աղետների զոհերի կյանքը պահպանելու համար»: Եվ, ինչը առանձնակի կարևոր է Արցախի համատեքստում, ՊՀԾ-ում գործում են մարդասիրական աջակցության և լոգիստիկայի ծառայություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդասիրական օդային փոխադրումների ծառայությունը (UNHAS):

Կազմակերպության ծրագրերում առանձնահատուկ տեղ ունի օգնությունը երեխաներին. «Սնունդ» և «Դպրոցական սնունդ» ծրագրերի շրջանակներում օգնություն է ցուցաբերվել սովի մատնված ավելի քան 15,5 միլիոն երեխաների՝ «աշխարհի տարբեր երկրներից և տարածքներից»:

Հավելենք, որ 2000-ականների սկզբին ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենի առաքում է կազմակերպել Սուդանի Դարֆուր նահանգի բնակչության համար, որտեղ 70 հազար մարդ կտրված էր մնացյալ աշխարհից. մարդասիրական բեռը նրանց համար գցում էին ուղղաթիռներից, քանի որ վայրէջք կատարելն անհնար էր: Նույնը վերաբերում է Հարավային Սուդանին, որտեղ ծայրահեղ իրավիճակի պայմաններում ՄԱԿ-ի ՊՀԾ-ն և նրա գործընկերները ծավալեցին արագ արձագանքման խմբեր՝ կարիքավոր մարդկանց հասնելու համար։

Արցախում, ինչպես արդեն նշվել է, այդ խնդիրը չկա. այնտեղ կա լիարժեք օդանավակայան, որը չի գործում միայն այն պատճառով, որ Ադրբեջանը լկտիաբար արգելում է թռիչքները, սպառնալով խոցել ինքնաթիռներն ու ուղղաթիռները, այդ թվում՝ քաղաքացիական։

Ի դեպ, ՄԱԿ-ի ՊՀԾ-ի ղեկավարի պաշտոնը բոլորովին վերջերս, այս տարվա ապրիլին ստանձնել է նոր գործադիր տնօրեն՝ ամերիկուհի Սիդնի Մակքեյնը։ Աղետի ենթարկված Արցախին մարդասիրական օգնության ցուցաբերումը կարող է հիանալի մեկնարկ դառնալ նրա համար, միանգամայն ներդաշնակորեն տեղավորելով կազմակերպության առաքելության մեջ։

Ինչպես երևում է վերն ասվածից, Արցախում հումանիտար աղետի իրավիճակը, որը միջազգային մի շարք հեղինակավոր փորձագետներ արդեն իսկ արդարացիորեն անվանում են ցեղասպանություն, լիովին համապատասխանում է Պարենի համաշխարհային ծրագրի գործունեության ծավալման համար անհրաժեշտ չափորոշիչներին: Այդ թվում՝ մարդասիրական օդային օգնության կազմակերպման մասով՝ Արցախին սննդամթերք հասցնելու համար, որտեղ արդեն գրանցվել են սովից, հյուծվածությունից, թերսնումից մահվան դեպքեր, այդ թվում՝ հղիների և երեխաների շրջանում։

Ուրեմն ի՞նչն էր խանգարում Հայաստանի և Արցախի իշխանություններին դիմել ՊՀԾ-ին դեռևս մի քանի ամիս առաջ, երբ հունիսի կեսերին շրջափակումը վերածվեց պաշարման և դադարեցվեց անհրաժեշտ մթերքների նույնիսկ նվազագույն քանակի փոխադրումը: Միրզոյանի ԱԳՆ-ը տեղյակ չէ՞ դրա գործունեության մասին։ Ինչո՞ւ Փաշինյանն ու իր արտգործնախարարը ոչ մի անգամ ծպտուն անգամ չհանեցին օդային միջանցք կազմակերպելու և Ստեփանակերտի օդանավակայանը հումանիտար նպատակներով գործարկելու մասին։

Այս հարցերը վաղուց հռետորական բնույթ են կրում, և դրանց պատասխանը նույնպես վաղուց հայտնի է. Հայաստանի իշխանություններին պետք չէ Բերձորի (Լաչինի) բաց միջանցքը, նրանց պետք է ստիպել արցախցիներին համաձայնել Ակնայի միջով ճանապարհի բացմանը և դրանով իսկ սկսել հայկական Արցախի «ինտեգրման», հետևաբար՝ իսպառ կորսման գործընթացը։

Այս խորապատկերին միջազգային օդային մարդասիրական օգնության կազմակերպումը՝ ՄԱԿ-ի ՊՀԾ-ի և ԿԽՄԿ-ի ներգրավմամբ և աշխարհահռչակ գործիչների մասնակցությամբ, Ալիևի և Փաշինյանի համար, հավանաբար, բավական տհաճ անակնկալ դարձավ։ Բաքվի բռնապետի մարդատյաց քաղաքականությունը, որին լիովին աջակցում է իր երևանյան գործընկերը, կարող է լուրջ խոչընդոտի բախվել Արցախում ցեղասպանության իրականացման ճանապարհին։

Գուցե դա՞ է պատճառը, որ այդչափ շտապում են և՛ Բաքվում, և՛ Երևանում։ Ֆաշիզմի և հումանիզմի միջև դիմակայության մեկնարկին մնում են հաշված օրեր և նույնիսկ ժամեր…