ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԻ ԱՌԱՋ Է ԿԱՆԳՆԵԼ

Հայաստանի իշխանությունները հրաժարվում են մեկնաբանել, թե Տրոցենկոյի՝ ամերիկյան սև ցուցակում հայտնվելու փաստը ինչ բացասական հետևանքներ կունենա ՀՀ տնտեսության վրա։ «Որևէ մեկնաբանություն չկա»,- երկու օր մտածելուց հետո այսպես են արձագանքել պետական գույքի կառավարման կոմիտեից։

«Փաստինֆո»-ն արդեն հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակը, որի մեջ ներառվել են նոր գործարարներ, որոնց թվում առանցքային տեղ են զբաղեցնում Տրոցենկոները։ Ընդ որում՝ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ Տրոցենկոյի ընտանիքը համարվում է մտերիմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ, ընդգծվում, որ պատժամիջոցները ոչ միայն կտարածվեն գործարար Գլեբ Տրոցենկոյի, այլ նաև սև ցուցակում ներառվում են անձնական ակտիվները և են Տրոցենկոյի ընտանիքի կողմից օգտագործվող ներդրումային գործիքները։

Նշենք, որ Գլեբ Տրոցենկոն Ռոման Տրոցենկոյի որդին է։ Այն նույն Տրոցենկոյի, որին Փաշինյանի իշխանությունը հանձնել է ՀՀ թիվ մեկ հարկատուի՝ ԶՄՊԿ-ի բաժնետոմսերը՝ դրանք խլելով նախկին սեփականատերերից։ Ավելին, Տրոցենկոյին են պատկանում Հայաստանի հանքարդյունաբերական մի շարք ձեռնարկություններ, մասնավորապես ««Պարամաունտ Գոլդ Մայնինգ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», Ագարակի պղնձամոլիբդենային գործարանը, Ալավերդու պղնձաձուլական գործարանը։ Հենց այս ոլորտն է Հայաստանի տնտեսության արտարժույթի կարևոր աղբյուրը, ինչը նշանակում է, որ Հայաստանը լուրջ խնդիրներ է ունենալու արտարժույթի շուկայում։

Իսկ ՀՀ կառավարությունը, որն ունի ԶՄՊԿ-ում շուրջ 21,9 տոկոս բաժնեմաս, ուղղակի ընդհատակ է անցել ու հրաժարվում է որևէ մեկնաբանությունից։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից, որին կառավարությունը վերապահել է բաժնեմասերի կառավարումը, նախ խոստացել էին արձագանքել, ապա օրեր անց տրվեց կարճ պատասխան՝ «մեկնաբանություն չկա»։

Կառավարությունը լուրջ չվերաբերեց ամերիկյան կողմի՝ ««Don’t flirt with Trotsenko»» նախազգուշացումներին, ու այսօր տնտեսությունը լուրջ ցնցումների վտանգի առաջ է։ Նշենք, որ մեկ շաբաթվա ընթացքում սա կառավարության երկրորդ հարվածն էր՝ կապված ԶՄՊԿ-ի հետ։ Նախքան ԱՄՆ պետքարտուղարության լրամշակված սև ցուցակի մասին հայտնի դառնալը, ՀՀ կառավարությունը, մեր տեղեկություններով, ծանուցում էր ստացել արբիտրաժային դատարանից, որ ԶՄՊԿ-ի բաժնետերերից մեկը դատի է տալիս՝ իր իրավունքները ՀՀ կառավարության կողմից խախտվելու համար։ Այդ հեռանկարի մասին «Փաստինֆոն» գրել էր դեռ ամիսներ առաջ, երբ հայտնի դարձավ, որ 12,5 բաժնետոմսի սեփականատեր Զուրաբովը ՀՀ դատական ատյաններում վիճարկում է ԶՄՊԿ-ի մյուս բաժնետիրոջ կողմից բաժնեմասը վաճառելու գործարքի օրինականությունը, քանի որ չի հարգվել դրանք ձեռք բերելու իր առաջնային իրավունքը, ավելին՝ գործարքը կայացել է բազմաթիվ խախտումներով, ինչն իր մեջ, փաստացի, քաղաքական կոռուպցիայի տարրեր է պարունակում։

Կառավարության մեր աղբյուրների համաձայն՝ հենց 12,5 %-ի բաժնետերն է Հայաստանի դեմ միջազգային արբիտրաժային դատարանում գործընթաց սկսել։ Իսկ ՀՀ կառավարությունն էլ որոշել է Հայաստանում ուշադրություն շեղել՝ նախկինում բազմակի օգտագործված գործիքակազմով։ Փաշինյանը հենց նեղն է ընկնում՝ սկսվում են շոուների բեմադրումը, որտեղ առանցքային դերակատարում ունեն իրավապահները, քանզի հենց նրանք են դառնում հիմնական գործող անձինք, ինչպես այս պարագայում։ Թեև այդ գործիքներն են այնքան հնամաշ են դարձել, որ այլևս չեն ապահովում անհրաժեշտ տեսարանը ու մատնում վախերը։ Առավել ևս, երբ այդ տեսարաններով չեն կարող ազդել արբիտրաժային դատարանի, ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով ՀՀ տնտեսությանը սպառնացող ռեալ վտանգների վրա։

«Փաստինֆո»