ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ ԵՄ ԴԻՏՈՐԴՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼԸ ՉԻ՞ ՔՆՆԱՐԿՎԵԼ

ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96%-ից նվազել է 10%-ից էլ պակաս թվանիշի, անվտանգության համակարգը չի գործում ո՛չ Հայաստան-Ռուսաստան երկկողմ ռեժիմով, ո՛չ էլ ՀԱՊԿ ձևաչափով: Այս մասին օրերս հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հընթացս արձանագրելով, թե մեծ սխալ էր անվտանգության ողջ համակարգը ՌԴ-ի ենթակայության տակ դնելը։ Այդ սխալը գիտակցվեց, երբ ՌԴ-ն, նրա խոսքերով, հրաժարվեց ապահովել մեր անվտանգությունը։

ԱԱԽ քարտուղարը վստահեցրեց, որ այսօր իշխանությունը զբաղված է արտաքին քաղաքականության տարբերականացմամբ, սակայն հայ-թուրքական սահման ԵՄ դիտորդներ ուղարկելու հարց չի քննարկվել, փոխարենը կան ԵՄ դիտորդների թվի ավելացման բոլոր միտումները: «Ադրբեջանի հետ սահմանը երկար է, դիտորդների ներկայիս ռեսուրսները բավարար չեն»,- պարզաբանեց նա: Իսկ ՀԱՊԿ դիտորդները չեն կարող լրացնել այդ բացը, քանի որ «նրանք չեն ճանաչում մեր սահմանները»։

Գրիգորյանը համաձայն չէ Մոսկվայի և Թեհրանի այն կարծիքին, որ եվրոպացի դիտորդները լրտեսական գործունեություն են ծավալում ՌԴ-ի և Իրանի շահերի դեմ: «Իրանի հետ սահմանին եվրոպական դիտորդներ չկան, բայց եթե դժգոհություններ կան, ապա թող փաստեր ներկայացնեն»,- խորհուրդ տվեց նա: Բացի այդ, ԱԽ քարտուղարը հայտարարություն արեց այն մասին, որ Հայաստանը Արևմուտքից ստանում է «առաջադեմ տեխնոլոգիաների զինամթերք»։

«Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ նրանք այնտեղից դուրս գան, մենք մեր երկրի սահմանները կպաշտպանենք»,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը « Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված ռուս սահմանապահների մասին, որոնք, ըստ նրա, կարող է մի օր «ինձ ու ձեզ այնտեղից ուղարկեն դուրս»: Իրականում Սիմոնյանը վախենում է ոչ թե նրանից, որ իրեն կարող են դուրս ուղարկել, այլ որ ռուս սահմանապահները կարող են իրեն թույլ չտալ հեռանալ Հայաստանից X ժամին:

Առաջիկայում Ադրբեջանի ագրեսիայի մեծ հավանականության մասին հայտարարեց Փաշինյանը, ապա Սիմոնյանը և նրանց վարձու քաղաքագետների կոհորտան իշխանական հեռուստաալիքներում։ Այն մասին, որ Ալիևի նոր պահանջներին աջակցում է արևմտյան կոալիցիան, ոչ մի բառ չի ասվում։

Փոխարենը իշխանական քարոզչամեքենան օրերս սկսել է եռանդագին շրջանառել այն թեզը, թե երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել 2020-ի պատերազմի մասին, իսկ Ռուսաստանը, Սիմոնյանի խոսքերով, դրդել է Ալիևին 44-օրյա պատերազմի։ Մինչ այդ, հիշեցնեմ, Փաշինյանը հայտարարել էր, թե Մոսկվան է դրդել Ալիևին 2016-ի Ապրիլյան պատերազմի։

Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի նախաշեմին խոսնակը կասկածի տակ առավ այն, որ ռուս սահմանապահները մեզ կպաշտպանեն։ Սիմոնյանն անկեղծորեն խոստովանեց, որ գիտակցելով Ադրբեջանի կողմից հարձակման վտանգը՝ փորձում է կանխավ մեղադրել Ռուսաստանին ագրեսիայի հրահրման և մեր սահմաններն ու ժողովրդին նոր ցեղասպանությունից չպաշտպանելու մեջ:

Մինչդեռ նոր ագրեսիայի դրդող ամենամեծ սադրանքը Փաշինյանի հայտարարությունն էր ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության «սառեցման» մասին և Ադրբեջանի իրավունքի ճանաչումը 8 գյուղերի, այսպես կոչված՝ անկլավների նկատմամբ։ Սա նշանակում է, որ Ալիևը լեգիտիմ իրավունք է ստացել վերցնելու այն, ինչ «պատկանում է» իրեն, եթե ոչ խաղաղ ճանապարհով, ապա պատերազմով ։ Ճիշտ է, ըստ Գրիգորյանի, Հայաստանը բարձրացրել է 31 գյուղերի (ոչ «անկլավների») հարցը, բայց մոռացավ հավելել, որ այդ հարցը ոչ ոք չի լսում:

Փոխարենը միջազգային հանրությունը «լսեց», թե ինչպես 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս, ինչը Ալիևին լեգիտիմ իրավունք տվեց շրջափակում սկսել նույն թվականի դեկտեմբերի 12-ից, ինչն էլ ավարտվեց 2023թ. սեպտեմբերի 19-20-ի էթնիկ զտումներով և Արցախից հայերի բռնի տեղահանմամբ։ Այս օրերին միջազգային հանրությունը տեղյակ է, որ Փաշինյանը ճանաչում է ՀՀ տարածքում «անկլավների» նկատմամբ Ալիևի իրավունքը։ Դժվար չէ կանխատեսել, թե ինչ կհաջորդի դրան... Հենց այդ պատճառով էլ ռեժիմի վերնաշերտը փորձում է շտապ պատկերացում ստեղծել Ռուսաստանի մասին որպես հայ ժողովրդի թշնամու: Փաշինյանը կրկին ոչ մի բանում «մեղավոր չէ»։

2016-ից Փաշինյանն ու իր քաղաքական շրջապատը խոսել են այն մասին, թե Ռուսաստանը Ալիևին պատերազմի է դրդում է ՀՀ-ի դեմ։ ՌԴ-ին մեղադրում են 2020թ. 44-օրյա պատերազմի հրահրման, ինչպես նաև 2021թ. մայիսի 12-ի բռնազավթմանը, 2021թ. նոյեմբերի 16-ի դիրքային պատերազմին, 2022թ. սեպտեմբերի 13-ին 5 ուղղություններով ադրբեջանցիների ներխուժմանը, 2023թ. մարտ-ապրիլ ամիսներին հայ-ադրբեջանական սահմանի մի քանի հատվածներում ադրբեջանցիների առաջխաղացմանը (100-300 մետր) առնչության մեջ։ ՌԴ-ին մեղադրում են 2022թ. դեկտեմբերի 12-ից Արցախի շրջափակման, 2023թ. սեպտեմբերի 19-20-ին արցախահայության էթնիկ զտումների և բռնի տեղահանման մեջ. ինչ-որ շատ չե՞ն մեղադրանքները մի հատիկ Ռուսաստանի համար: Եվ այդ ամենը՝ հանուն նրա, որ ժողովրդին պարտադրեն սուտը՝ «Նիկոլը ոչ մի բանում մեղավոր չէ» թեզի տեսքով

2016-ի ապրիլյան ագրեսիայից հետո ՀԱՊԿ-ը բանաձև ընդունեց։ Նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ջանքերով կազմակերպությունը դատապարտեց խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի փորձը: Բանաձևում նշված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։ Ապրիլյան պատերազմից հետո Ալիևը ծանր ապտակ ստացավ համաշխարհային դիվանագիտական հանրությունից՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի օրակարգերի տեսքով, որոնք Փաշինյանի թեթև ձեռքով չեղարկվեցին։

44-օրյա պատերազմից հետո Փաշինյանին հաճախ են հարցրել, թե տեղյա՞կ էր արդյոք 2020 թվականի սեպտեմբերի 27-ին նախապատրաստվող ագրեսիայի մասին։ Այսօր ռեժիմի քարոզչամեքենան ասում է, թե այդ պատերազմի մասին հայտնի էր երրորդ նախագահին։ Նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո կապիտուլյանտը մնաց իշխանության ղեկին շնորհիվ Պուտինի այն հայտարարության, որ ինքը դավաճան չի համարում Փաշինյանին։ Դրա համար Փաշինյանը բազմաթիվ անգամ երախտագիտություն է հայտնել ՌԴ նախագահին. «Շնորհակալություն, Վլադիմիր Վլադիմիրովիչ»։ Այսօր այդ խոսքերը մոռացվել են

ОТПРАВКА НАБЛЮДАТЕЛЕЙ ЕС НА АРМЯНО-ТУРЕЦКУЮ ГРАНИЦУ НЕ ОБСУЖДАЛАСЬ?

Քարոզչաթեզը, թե հայկական երկրորդ հանրապետության տարածքի 75 տոկոսը հանձնել են երկրորդ և երրորդ նախագահները, շրջանառում էր Ալիև - Փաշինյան դուետը։ Ալիևը պնդում էր, թե հաղթել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ստեղծած բանակին, իսկ Նիկոլը՝ ստում, թե Շուշիի հարցը եղել է բանակցային սեղանին, մինչև որ այդ սուտը հերքեցին Մինսկի խմբում ՌԴ ներկայացուցիչն ու ՀՀ ԱԳՆ խոսնակը...

Եթե Ուկրաինայում իրավիճակը լիներ ոչ այնպիսին, ինչպիսին այսօր է, այլ բազմապատիկ ավելի վատթար, եթե այսօր հատուկ գործողությունն իր առջև չդներ հավակնոտ խնդիրներ՝ Օդեսայի ազատագրումից մինչև Ուկրաինայի կտրում Սև ծովից, ապա գուցե Ռուսաստանից հրապարակային հրաժարումը գոնե ինչ-որ աշխարհաքաղաքական իմաստ ունենար։ Բայց ախր իրավիճակն այլ է, պարզապես Փաշինյանը ստիպված է վարվել այնպես, ինչպես իրեն թելադրում են արևմտյան տերերը։ Հանուն դրա ռեժիմի վերնախավը պատրաստ է Մոսկվայի վրա բարդել բոլոր մեղքերը։

Ընթերցող հանրության հիշողությունը կթարմացնի մեջբերումը ՀՀԿ անդամ, պատմաբան Էդուարդ Շարմազանովի գրառումից. «Հենց Ռուսաստանը թույլ չտվեց 1992 թվականին Նախիջևանից սկսել Երրորդ համաշխարհային պատերազմը։ 1993թ. սեպտեմբերին և հոկտեմբերին Ռուսաստանը թույլ չտվեց, որ Թուրքիան ներխուժի Հայաստան։ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Ռուսաստանը մեր երկրին անվճար հատկացրել է 50 հազար տոննա զինամթերք, ինչպես նաև 300 մլն դոլարի զենք՝ գործարանային գնով, վերջապես, «Իսկանդերներ» է տվել։ Ռուսաստանից հետո Հայաստանը միակ երկիրն էր, որն ուներ այդ զենքը, որը սրանք չկիրառեցին»։

Չկիրառեցին, որովհետև կիրառումը չէր մտնում 44-օրյա պայմանավորված պատերազմի պայմանների մեջ։ Նույն պատճառով Փաշինյանը մերժեց Պուտինի առաջարկը 2020 թվականի հոկտեմբերի 19-ին՝ դադարեցնելու պատերազմը, հայկական զինված ուժերի վերահսկողության տակ պահելով Շուշին ու Հադրութը։ Արցախի կորստի, Հայաստանի դեմ 2022թ. սեպտեմբերի 13-ի ագրեսիայի, 200 քառ. կմ հայկական տարածքի բռնազավթման և նոր ագրեսիայի սպառնալիքի մեղքն իր վրայից թոթափելու համար Փաշինյանը շտապում է ամեն ինչում մեղադրել Ռուսաստանին։ Իսկ ինքը, ինչպես միշտ, ոչ մի բանում մեղավոր չէ: Դա նույնպիսի «ճշմարտություն» է, ինչպիսին ԱԽ քարտուղարի պնդումը, որով վերնագրված է սույն հոդվածը