Տասմագամբետով․ Անհրաժեշտ է նոր տեսք տալ միջազգային տեղեկատվական անվտանգության համակարգին

Աշխարհը պետք է սկսի մշակել և նոր տեսք տալ միջազգային տեղեկատվական անվտանգությանը՝ կիբեռսպառնալիքներից պաշտպանվելու համար: Այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Սոչիում ընթացող Հարավային տեղեկատվական անվտանգության 11-րդ համաժողովում։

«Ընդունելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ջանքերի համախմբման օբյեկտիվ անհրաժեշտությունն այս ուղղությամբ ՝ կարծում ենք, որ եկել է ժամանակը միջազգային տեղեկատվական անվտանգության համակարգի նոր տեսքի ձևավորման համար։ Այնպիսի համակարգ, որը դիմացկուն կլինի գլոբալ տեղեկատվական տարածքի անվտանգության աճող սպառնալիքին», - ասել է Տասմագամբետովը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հավելել է, որ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների արագ զարգացումը և դրանց լայնածավալ ներթափանցումը սոցիալական, քաղաքական և տնտեսական հարաբերությունների ոլորտներում վկայում է թվային անվտանգության ապահովման ասպեկտների վրա ջանքերը կենտրոնացնելու անհրաժեշտության մասին։

Տասմագամբետովը հավելել է, որ միջազգային և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներին հակազդելու օպտիմալ միջոց գտնելը դժվար է, և դրանից է կախված հավաքական ջանքերի ռազմավարությունն ու մարտավարությունը, հետևաբար անհրաժեշտ է հետազոտական ներուժի ավելի ակտիվ օգտագործում։

Sputnik Արմենիա