Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին առաջադրված փողերի լվացման մեղադրանքով քրեական գործն ընդհանուր իրավասության դատարանից փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան, գրում է «Հետք»-ը:
Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պետական ծառայող, հանցավոր արարքների արդյունքում ստացել է օրինական եկամուտների չհիմնավորված, ապօրինի, առանձնապես խոշոր չափերի՝ 99․414․079 դրամ գումար, ապա դրա հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով նշված գումարը փոխարկել է անշարժ գույքի՝ այդ կերպ օրինական տեսք հաղորդելով դրանց և կատարելով փողերի լվացում։
Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ Վիգեն Սարգսյանը, 2006թ. զբաղեցնելով ՀՀ նախագահի օգնականի պաշտոնը, մտերիմ փոխհարաբերությունների մեջ է գտնվել Երևան քաղաքում բազմաբնակարան շենքերի կառուցապատում իրականացնող, «Պրոգրես-Արմենիա» և «Լոկալ Դեվելոփրզ» ՍՊԸ-ների սեփականատեր և տնօրեն Սամվել Մայրապետյանի հետ: Նույն ժամանակահատվածում Սամվել Մայրապետյանի հետ համաձայնություն է ձեռք բերել՝ գույքի իրական արժեքից էապես տարբերվող ցածր արժեքով բնակարան ձեռք բերելու հարցի շուրջ: Դրանից հետո՝ 2006թ. հոկտեմբերի 26-ին, Վիգեն Սարգսյանը Սամվել Մայրապետյանին պատկանող «Պրոգրես-Արմենիա» ՍՊԸ-ից 23 մլն 600 հազ. դրամ պայմանագրային արժեքով ձեռք է բերել 118քմ մակերեսով Երևան քաղաքի Աբովյան փողոցի 8-րդ շենքի 18-րդ բնակարանը, իսկ 2008թ. հոկտեմբերի 24-ին՝ 6 մլն դրամ պայմանագրային արժեքով ձեռք է բերել նույն շենքի թիվ 5 ավտոկայանատեղին:
Վիգեն Սարգսյանի և նրա կնոջ՝ Լուսինե Գալաջյանի ստացած աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների, ինչպես նաև իրականացված ծախսերի ու կատարված վճարումների հարաբերակցության արդյունքում 2013թ. ապրիլի 30-ի դրությամբ նրանց օրինական եկամուտների մնացորդը կազմել է 585 հազ. 921 դրամ:
Verelq.am