Логотип

Հայաստանում 2850 զինծառայող կստանա բնակարան. հիփոթեքն ամբողջությամբ կմարի պետությունը

Հայաստանում 2850 զինծառայող կստանա բնակարան։ Այսօր՝ ապրիլի 30-ին Կառավարության հերթական նիստում հաստատվել է Պաշտպանության նախարարության ներկայացրած որոշման նախագիծը. այն նախատեսում է բնակարանով ապահովել 2850 զինծառայող-շահառուների և նրանց ընտանիքների անդամներին։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ ծրագիրը կիրականացվի չորս փուլով։ Այն միտված է շահառուների բնակարանային խնդրի լուծմանը, որը պահպանվում է երկար տարիներ։ «Մենք առաջարկում ենք ներդնել ծրագիր, որը կլինի չորս փուլով և հնարավորություն կտա բնակարանով ապահովել 2850 շահառուի։ Սրանք քաղաքացիներ են, որոնք ծառայել են Պաշտպանության նախարարության համակարգում, ինչպես նաև այն անձինք, որոնք դասվում են մեր շահառուների շարքին։ Ըստ էության, նրանք շահառու են համարվում դեռ 2000-ական թվականներից։ Եվ այսօր այս խնդրի լուծման համար մենք ընտրել ենք հենց այս ծրագրի ներդրումը։ Դրա շնորհիվ քաղաքացիները, որոնք տասնամյակներով սպասել են, վերջապես կկարողանան լուծել իրենց բնակարանային հարցը»,- ասել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Նրա խոսքով՝ ծրագիրը կիրականացվի հիփոթեքային վարկավորման գործիքի կիրառմամբ, որի շրջանակում ֆինանսավորման 90%-ը կտրամադրի Կառավարությունը՝ բանկերի միջոցով, իսկ մնացած 10%-ը կհատկացվի Պաշտպանության նախարարության տարեկան բյուջեից։

Ծրագրի շրջանակում 2027 թվականին նախատեսվում է բնակարանով ապահովել 735 շահառուի, 2028-ին՝ 812, 2029-ին՝ 719, իսկ 2030-ին՝ 584։

Շահառուների շրջանակում ընդգրկված են՝ Պաշտպանության նախարարության համակարգում հաշվառված պայմանագրային զինծառայողներն ու քաղաքացիական ծառայողները, նախկին զինծառայողները, որոնք զինվորական ծառայությունից ազատվել են օրենքով նախատեսված հիմքերով, զինվորական ծառայության հետ պատճառական կապ ունեցող հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքների անդամները։

Պապիկյանը նշել է, որ ծրագիրը գործնականում հնարավորություն կտա լուծել շահառուների ամենակարևոր սոցիալական խնդիրներից մեկը՝ բնակարանով ապահովման հարցը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նրանց թվում կան քաղաքացիներ, որոնք բնակարան ստանալու են սպասում դեռ 1990-ականներից։

News.am