«Մեր ձևով» ժողովրդական շարժման մամուլի ծառայությունը մեկնաբանել է Armtimes.com կայքի հրապարակումը, ըստ որի՝ իրավապահները քրեական վարույթ են նախաձեռնել բանակից խուսափելու փորձի առնչությամբ։
Լրատվամիջոցը, որի գլխավոր խմբագիրը վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է, հղում անելով Քննչական կոմիտեին, պնդում է, թե նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրավապահները քննում են այն վարկածը, որ Կարապետյանը չի անցել որոշակի ռենտգեն հետազոտություններ և չի տրամադրել անհրաժեշտ բոլոր տվյալները։
Շարժումը շեշտել է, որ հրապարակումը փորձ է վարկաբեկել Կարապետյանին, և որ դա տեղի է ունենում նրա յուրաքանչյուր հարցազրույցից հետո։
«Մեր ձևով» շարժման մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանի խոսքով՝ վարույթը նախաձեռնվել է քաղաքական մեկնաբան Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցից հետո։
«Կարապետյանի յուրաքանչյուր հարցազրույցից հետո փոքրիկ խմբակը ջղաձգումների մեջ է ընկնում։ Նշված վարույթը հարուցվել էր դեռ ամիսներ առաջ` Կարլսոնի հետ հայտնի հարցազրույցից հետո։ Ուրախ ենք, որ փոքրիկ խմբակին վերջապես մտահոգել է ՀՀ քաղաքացու առողջությունը։ 7 ամիս շարունակ Կարապետյանի «դոսյեն» խոշորացույցով անօգուտ քրքրելուց ու ոչինչ չգտնելուց հետո իշխանությունը հիմա էլ փորձում է իր բախտն այս թեմայի մեջ»,- նշել է Ղահրամանյանը։
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հաստատել է Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու առկայությունը՝ ի պատասխան Armenia Today-ի գրավոր հարցման։
Վարույթը նախաձեռնվել է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու (փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով) կասկածանքով: ՔԿ-ն պնդում է, որ Կարապետյանը կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ ճանաչվել է ոչ պիտանի խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար, պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով՝ պատերազմական ժամանակ և «Զինապահության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով հաշվառվել է պահեստազորում:
Կոմիտեն հավելել է, որ նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ Կարապետյանի՝ հնարավոր առողջական խնդիրների հետ կապված մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով:
Ըստ ՔԿ-ի՝ փորձաքննության շրջանակում Կարապետյանը ներկայացել է փորձագետներին, սակայն, ինչպես նշել են կոմիտեից, հրաժարվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար նախկինում պատճառ դարձած առողջական խնդրի կապակցությամբ հետազոտություններ անցնել:
Կարլսոնի հետ 2025թ. նոյեմբերի 8-ի հարցազրույցում Կարապետյանը քննարկել էր քրիստոնեության կարևորությունը հայ ինքնության համար, կառավարության հակաեկեղեցական արշավը և «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի հետապնդումը։
Հանրային հեռուստատեսությանը հունվարի 24-ին տված հարցազրույցում Կարապետյանը, մեկնաբանելով կառավարամետ լրատվամիջոցների և ՀՀ կառավարության պաշտոնյաների մեղադրանքները, հայտարարել էր, որ վարչապետը և ներկայիս կառավարության յոթ նախարարներից հինգը չեն ծառայել բանակում։ Նա նաև ընդգծել էր, որ շարժման առաջնորդ Կարապետյանը և նրա եղբայր Կարեն Կարապետյանը ծառայել են բանակում՝ հավելելով, որ ինքը 2018 թվականին զինվորական ծառայության դիմել է, սակայն մերժվել է։
Armenia Today
