ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղին չի համարում ՀՀ գործող իշխանությունների պահվածքը, երբ անընդհատ պարծենում են ժամանակակից սպառազինությունների ձեռքբերմամբ, բանակում իրականացվող բարեփոխումներով։ Այդ մասին նա ասաց այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի շնորհավորական ուղերձին և պարբերաբար նախկինների օրոք բանակի վիճակին վերաբերող քննադատություններին։
Այսօրվա շնորհավորական ուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ նախկինում միջազգային գործընկերները հրաժարվում էին Հայաստանին զենք վաճառել, իսկ հիմա մեծ քանակությամբ ու թանկարժեք սպառազինություն է ձեռքբերվում։
«Էդ էր պակաս, որ այս ողբերգություններից, անհաջողություններից հետո քայլեր չձեռնարկվեին բանակի մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ։ Կարծում եմ, որ այս 5 տարիները բաց թողնված ժամանակաշրջան է, ավելին կարելի էր անել՝ սկսած նրանից, որ պետք է մշակվեր ազգային անվտանգության ռազմավարությունը՝ նոր խնդիրներին համաձայն, որոնք ավելացել են և՛ մարտական, և՛ մարտավարական առումով»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Ինչ վերաբերում է նոր սպառազինությունների ձեռքբերմանը, ՀՀ պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը կարծում է, որ ձեռքբերմանը զուգահեռ պետք է հնարավորություններ ստեղծվեն բանակի կողմից դրանք յուրացնելու համար։
Նրա խոսքով՝ հակառակորդը խոսում է խաղաղության մասին, բայց ամեն օր զինված ուժերում հատուկ նշանակության նոր ստորաբաժանումներ է ձևավորում, իսկ մենք ՀՀ-ում տեսնում ենք, որ դրանց փոխարեն հատուկ նշանակության ոստիկանական ուժեր են ձևավորվել։
Վստահ է, որ հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է վերականգնվել և շտկել իր ողնաշարը։
«Հայկական բանակը ձևավորվել է ՀՀ անկախության, Արցախի համար ազատության պատերազմական գործողություններին զուգահեռ՝ զրոյից, մեծ չարչարանքի գնով հասել է մի իրավիճակի, որ հաղթել է, մեր տարածաշրջանում եղել է մրցունակ և միջազգային գործընկերների հետ եղել է փոխգործունակ»,- ասաց Օհանյանը։
Ինչ վերաբերում է նախկինների օրոք բանակում առկա վիճակի քննադատություններին՝ Օհանյանը նշեց՝ բանակն ամեն ինչ էլ ունեցել է, համալրված է եղել, թերություններ ու սխալներ եղել են, բայց ամենակարևորն այն է, որ ՀՀ զինված ուժերն ու Արցախի պաշտպանության բանակն իրենց առջև դրված խնդիրները պատշաճ իրականացրել են։
Sputnik Արմենիա
