«Այս պահին Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում ոչ մի նորմալ բան չկա»,- երեքշաբթի խորհրդարանին ասել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հարաբերությունների վերաբերյալ հարցերի ֆոնին, հաղորդել է AFP-ն։
Քարնին վերադարձել է Օտտավա՝ անցյալ շաբաթ Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած հայտնի ելույթից հետո, որում նա պնդել է, որ Վաշինգտոնի կողմից տասնամյակներ շարունակ ղեկավարվող կանոնների վրա հիմնված միջազգային կարգը «խզվել» է։
Ելույթը, որը նաև զգուշացնում էր միջին տերություններին չհենվել այն հույսի վրա, որ զիջողականությունը նրանց կազատի խոշոր տերությունների ագրեսիայից, Կանադայում արժանացել է միջկուսակցական հազվագյուտ գովասանքի։
Քվեբեկի անջատողական դաշինքի առաջնորդ Իվ Ֆրանսուա Բլանշեն նրա ելույթն անվանել է «հուսադրող և բազմախոստում»։
Բայց երբ խորհրդարանը երեքշաբթի սկսել է իր նոր օրենսդրական նստաշրջանը, Բլանշեն քննադատել է Քարնիին՝ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կարգավորման համար։ «Ելույթն ինքնին գումար չի բերում, աշխատատեղեր չի ստեղծում և դրանք չի պաշտպանում»,- ասել է դաշինքի առաջնորդը։
Բլանշեն նշել էց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած ոլորտային մաքսատուրքերի մեղմացման հարցում առաջընթաց չի գրանցվել, որոնք հարվածում են Կանադայի տնտեսության հիմնական ոլորտներին։
Նա հարցրել է Քարնիին, թե արդյոք Միացյալ Նահանգների հետ բանակցությունները «նորմալ և ջերմ» էին։
«Աշխարհը փոխվել է։ Վաշինգտոնը փոխվել է։ Այս պահին Միացյալ Նահանգներում գրեթե ոչինչ նորմալ չէ։ Դա ճիշտ է», ֆրանսերեն ասաել է վարչապետը։
Քարնին Ներկայացուցիչների պալատին ասել է, որ երկուշաբթի մոտ 30 րոպե խոսել է Թրամփի հետ, այդ թվում՝ առևտրի մասին։ Երեքշաբթի ավելի վաղ Քարնին հերքել էր այն պնդումները, որ հրաժարվել է Դավոսում իր ելույթից Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Ելույթը զայրացրել էր Թրամփին, որը Քարնիին խորհուրդ էր տվել զգույշ լինել իր խոսքերի հետ կապված, քանի որ «Կանադան ապրում է Միացյալ Նահանգների շնորհիվ»։
Երկուշաբթի Fox News-ի հարցազրույցում ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն ասել է. «Ես այսօր նախագահի հետ Օվալաձև աշխատասենյակում էի։ Նա խոսեց վարչապետ Քարնիի հետ և շատ ագրեսիվ արձագանքեց Դավոսում նրա որոշ չափազանց անհաջող դիտողություններին»։
Երեքշաբթի Քարնին Օտտավայում լրագրողներին ասել է, որ Բեսենթը սխալվում է։ «Որպեսզի բացարձակ հստակ լինի՝ ես նախագահին ասացի, որ նկատի ունեի այն, ինչ ասացի Դավոսում»,- ասել է նա։
Քարնին լրագրողներին տեղեկացրել է, որ Թրամփն է նախաձեռնել հեռախոսազրույցը, որի ընթացքում նաև քննարկվել են անվտանգության հարցերը Արկտիկայում, Ուկրաինայում և Վենեսուելայում։
News.am
