«Պաշտպանության նախարարությունը հերքելով հաստատում է Արման Թաթոյանի հայտարարությունը, որ Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի տարածքում նոր ներխուժումներ են իրականացրել և նոր դիրքեր տեղակայել»։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է «Միասնության թևեր» նախաձեռնության անդամ Նարեկ Պարոնյանը։ Հիշեցնեմ, Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը նախօրեին տեսանյութ էր տարածել, որտեղ ներկայացնում էր, որ ադրբեջանցիները առաջխաղացում չունեն դեպի հայկական տարածք, ադրբեջանական նոր դիրքն իրենց տարածքում է։
Մարտի 4–ին «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի հրավիրած հրատապ ասուլիսից հետո, երբ նա ներկայացրեց փաստեր ադրբեջանական նոր ներխուժման ու հայկական տարածքներում ամրապնդվելու մասին, Պաշտպանության նախարարը հերքեց լուրը։ Նարեկ Պարոնյանի խոսքով՝ Սուրեն Պապիկյանը ստել է, որովհետև հենց ՊՆ–ի տարածած տեսանյութում նշվում է նոր դիրք կա։ «Պաշտպանության նախարարությունը ոչ թե հերքում է «Միասնության թևեր»–ի փաստերը, այլև Սուրեն Պապիկյանին, միաժամանակ հաստատում է, որ նոր դիրք կա։ Դա փաստ է»,– նշել է նախաձեռնության անդամը։
Պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով GOOGLE EARTH ծրագրին նշել էր, թե այն ունի շեղումներ, իսկ դրանում նշված սահմանագիծը չունի իրավական հիմք։ «Միասնության թևեր»–ը առաջարկում է մի քանի տարի հետ գնալ ու հիշել Նիկոլ Փաշինյանի 2020 թվականի նոյեմբերի 27–ի խոսքերը, երբ խոսել սահմանազատման մասին նշել է․ «Սահմանազատումը տեղի է ունենում ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով»։ «Հիմա այդ նույն GPS-ը աշխատում է նույն արբանյակային տվյալներով։ Ի՞նչ է ստացվում, երբ որ Շուռնուխում մարդկանց տունը GPS-ի շնորհիվ մեջտեղից կտրեցին, այդ ժամանակ GPS-ը արժանահավատ էր և շեղումներ չէր տալիս։ Իսկ հիմա, երբ որ ստի և կեղծիքի վրա իրենց բռնել ենք, ասում են GPS–ի ու Google-ի արբանյակներն արժանահավատ չեն»,– ասել է Նարեկ Պարոնյանը։ Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարության հիմք ընդունած քարտեզը թեև իրավական ուժ չունի, որովհետև Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատում չի կատարվել, սակայն նույնիսկ այդ քարտեզով ադրբեջանական նոր դիրքը Հայաստանի տարածքում է։
«Համադրել ենք իրենց քարտեզն արբանյակային լուսանկարների հետ ու փաստացի երևում է,որ դիրքը գտնվում է Հայաստանի սուվերեն տարածքում։ Այս դիրքը զբաղեցնում է շուրջ մեկ հեկտար տարածք ու ամբողջովին մխրճված է հայկական տարածքի մեջ։ Քանի որ մենք կարողացել ենք բռնել իրենց սուտը, այս մարդիկ ընկել են քաղաքական էպիլեպտիկ մեջ։ Ասում են 100 մետր այս կողմ, 100 մետր այն կողմ ․․․ Փաստերը երկաթյա են և, նորից եմ ասում, դիրքը գտնվում է Հայաստանի տարածքում»,– ասել է նախաձեռնության անդամը։ Նարեկ Պարոնյանը հերքել է նաև ՊՆ այն պնդումը, իբրև թե նոր դիրքը որևէ վտանգ չի ներկայացնում Սոթքի հանքի, ռազմավարական օբյեկտների, արտովայրերի ու ճանապարհների համար։ «Ռազմավարական օբյեկտները, Սոթքի հանքավայրը, ճանապարհներն ու արտովայրերը ամբողջովին ադրբեջանցիների դիտարկման տակ են։ Սա անվտանգային լուրջ խնդիր է։ Այս անգամ էլ տրաքեց իրենց սուտն ու կեղծիքը»,– ընդգծել է մեր զրուցակիցը։
Նարեկ Պարոնյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունը ոչ թե պաշտպանում է մեր երկրի սահմանն ու անվտանգությունը, այլ մանիպուլյատիվ թեզերով փորձում է արդարացնել Ադրբեջանի զավթողական քաղաքականությունը և մեր տարածքային նոր կորուստները։
