Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության հայաստանյան այցի ժամանակ ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու հարց չի քննարկվել։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք Ադրբեջանի հետ երբեք նման հարց չենք քննարկել ու չենք քննարկում։ Ուզում եմ ասել նաև՝ արդեն հայտնի ժամանակներից ի վեր Ադրբեջանի հետ չենք քննարկում նաև Ղարաբաղի հայերի վերադարձի հարցը, Բաքվի հայերի վերադարձի հարցը և մնացած վայրերի հայերի վերադարձի հարցը»,– ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ այդպիսի քննարկումներն ունեն պրովոկացիոն ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա։ Նա նման քննարկումներն «էժան քաղաքական շահարկումներ» որակեց։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Աղվերանում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովների 13-րդ նիստը, որի ընթացքում ուղեցույցների նախագծերի տեքստեր են համաձայնեցվել։
Sputnik Արմենիա
