«Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի գրասենյակից 3 անձ կալանավորված է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
Նշենք, որ մինչ այս հայտնի էր միայն 1 կալանավորված անձի մասին։ Խոսքը հետախույզ Արթուր Ավանեսյանի (Կանդազ) մասին է։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հերթական հաղորդագրությունը տարածեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վերաբերյալ։ Հաղորդագրությունում նաև ձայնագրություններ են առկա կուսակցության անունից հանդես եկող անձանց մասնակցությամբ, որոնք ենթադրաբար արտասահմանում գտնվող ՀՀքաղաքացիներին փորձում են ներգրավել ընտրական իրավախախտումների մեջ։
«Այս հետապնդումները խոսում են իշխանության վախերի մասին, կալանավորվել է 3 անձ։ Իշխանությունը տեսնում է, որ փոփոխությունն անխուսափելի է, փորձում է իր ձեռքին գործիք դարձած իրավապահ մարմինների միջոցով ճնշումներ գործադրել։ Որևէ կտրած կամ կցմցած ձայնագրություն, ինչպես նաև քրեական գործ չի կարող մեզ կանգնեցնել մեր նախանշած նպատակից»,- ասաց Ղահրամանյանը։
Նրա խոսքով՝ բոլոր ձայնագրություններում մարդիկ խոսում են աշխատավարձի մասին, ինչը փորձ է արվում ներկայացնել որպես նյութապես շահագրգռվելու երևույթ։
Նա հորդորեց իրավապահ մարմիններին ավելի ուշադիր ու աչալուրջ լինել իշխանության տարբեր ներկայացուցիչների հրապարակային խոստումներին։ Նա ընդգծեց, որ բարեգործական կազմակերպությունների անվան տակ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հարազատ գյուղերում խոշոր աշխատանքներ են իրականացվում։ Հստակեցրեց՝ խոսքը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գյուղի մասին է, որը Լոռի Բերդ համայնքում է։ Խոսքը փետրվարի վերջին 750 ընտանիքի 20 կգ-անոց սննդի փաթեթներ տրամադրելու մասին է, ինչն արվել է համայնքապետարանի, «Դիակոնիա» ԲՀԿ-ի և «Մեսենքինդերեն» կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում։
Ապրիլի 16-ին Մարիաննա Ղահրամանյանը հայտարարել էր, որ Արտաշատում կուսակցության 15 համակիրներ բերման են ենթարկվել, նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել:
Նույն օրը Հակակոռուպցիոն կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել էին, որ ձերբակալվել է 14 անձ՝ ընտրակաշառք բաժանելու և ստանալու մեղադրանքներով։ Նրանցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։ 5 անձի նկատմամբ ապրիլի 29-ի դրությամբ կիրառված է տնային կալանք խափանման միջոցը։
Ապրիլի 27–ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին: Նա մեղադրվում է ԱԺ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով կաշառք խոստանալու մեջ։ Ապրիլի 28–ին Արթուր Ավանեսյանը կալանավորվեց 2 ամսով։
Ապրիլի 29–ին էլ իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ավանի գրասենյակ։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կա 5 ձերբակալված։
