Логотип

Հակակոռուպցիոն դատարանը թույլ չտվեց, որ Սամվել Կարապետյանն այցելի հոր գերեզման

Հակակոռուպցիոն դատարան թույլ չտվեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանն այցելի հոր գերեզման. նա կշարունակի մնալ տնային կալանքի տակ։

Կարապետյանի պաշտպանները դատարանին միջնորդել էին փոխել նրա խափանման միջոցը վարչական հսկողությամբ, որպեսզի կարողանա այցելել հոր գերեզմանին, քանի որ մայիսի 7–ին լրանում է նրա հոր մահվան մեկ տարին։

Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։

Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։

Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։

Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։

ՀՀ հակակոռուցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը ապրիլի 17–ին ևս 3 ամսով երկարաձգեց  տնային կալանքը։ Միաժամանակ դատարանը Սամվել Կարապետյանին թույլ տվեց հարցազրույցներ տալ։

Sputnik Արմենիա