Последние новости

Փաստաբան․ Աշոտյանը նախկին նախարար է, բայց նա կտեղափոխվի Նուբարաշեն ՔԿՀ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չնայած նրան, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախկին նախարար է, բժշկական ծառայության փոխգնդապետ է, սակայն նրան կտեղափոխեն Նուբարաշեն ՔԿՀ: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

 


Նշենք, որ քիչ առաջ դատարանը Աշոտյանին 2 ամսով կալանավորելու մասին որոշում է կայացրել:

«Ես չեմ զարմանա, որ նա պահվի սովորական քրեական հանցագործների հետ, որովհետև սա վրեժխնդրություն է: Այս ամենի հեղինակը հայրենավաճառ Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց փաստաբանը:

Նա ասաց, որ Աշոտյանի դեմ ցուցմունք տվող անձ չկա:

Աթանեսյանը նշեց, որ դատարանի որոշման դեմ բողոք կներկայացվի:

Անդրադառնալով ՔԿ-ի կողմից տարածած ձայնագրությանը, Աթանեսյանն ասաց. «Այդ անձինք չեն ձերբակալվել: Դա գինովցած երկու հոգու խոսակցություն էր: Իսկ հնարավո՞ր է, որ մեկը մյուսին խաբում են, դա ստուգե՞լ եք, առերեսվե՞լ է Աշոտյանի հետ, ի վերջո այդ խոսակցությունից երևում է, որ իրենց են ուզում Աշոտյանին ճնշել: 4 տարի այս գործը քննվել է, եթե կրիմինալի նշույլներ լիներ, ապա թե՛ ԱԱԾ-ն, թե՛ Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակին կկալանավորեին: Այդ գործը հասել էր նրան, որ պետք է կարճվեր Հակակոռուպցիոն կոմիտեում: Բայց պարոն Քյարամյանը այստեղ հանցակազմ տեսավ»:

Հիշեցնենք, որ Աշոտյանին իրավապահները ձերբակալել են երեկ՝ հունիսի 15-ին: Նրան առաջադրված մեղադրանքը լրացվել է: Նա մեղադրվում է վատնման կազմակերպման և խափանման միջոցի պայմանները խախտելու մեջ: Ըստ ՔԿ-ի՝ դա արտահայտվել է նրանով, որ Աշոտյանը փորձել է վկաների և մեղադրյալների հետ հարցաքննության ուղարկել իր կողմից ընտրված փաստաբաններին, որպեսզի տեղեկանա հարցաքննությունների բովանդակությանը:

Նշենք, որ քրեական գործն առնչվում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» (ԵՊԲՀ) հիմնադրամի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ