Последние новости

Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝ կոչ անելով Եվրահանձնաժողովին դադարեցնել էներգետիկ համագործակցությունը Ադրբեջանի հետ և այդ երկրի հետ հետագա համագործակցությունը պայմանավորել քաղբանտարկյալների ազատ արձակմամբ և մարդու իրավունքների ընդհանուր իրավիճակի բարելավմամբ։

Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ։

Եվրախորհրդարանի պատգամավորները նաև պահանջում են Ադրբեջանից ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, հիշեցնում են Ադրբեջանի իշխանություններին մարդու իրավունքները և արժանապատվությունը հարգելու իրենց պատասխանատվության մասին և կոչ անում չեղյալ համարել ռեպրեսիվ օրենսդրությունը, որն օրենքից դուրս է ճանաչում անկախ հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին:

Բանաձևը կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ սահմանել այն ադրբեջանցի պաշտոնյաների դեմ, որոնք խախտել են մարդու իրավունքները։

Բանաձևի ընդունմանը նախորդած քննարկման ընթացքում ելույթ ունեցած պատգամավորների մեծ մասը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ, կոչ է արել Եվրահանձնաժողովին դադարեցնել ռազմավարական համագործակցությունը Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում և դադարեցնել դիտարկել  Ալիևի ռեժիմը որպես ռազմավարական գործընկեր։ Պատգամավորները նաև ընդգծել են, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են այս երկրում COP29 համաժողովի անցկացման հետ։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ