Последние новости

Արթուր Սարգսյանը գնացել է ՔԿ. նա վստահ է, որ իրեն կձերբակալեն

Մինչ ՀՀ Ազգային ժողովը քննում է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը, Սարգսյանը գնացել է ՀՀ քննչական կոմիտե` վստահ լինելով, որ իրեն կձերբակալեն։

«Այս կալանավորումները հենց իրենց վախերն են, և մեր կալանավորումներով ոչինչ չի վերջանալու։ Ես վստահ եմ, որ մեր հայ ազգը ոտքի է կանգնելու և հեռացնելու է այս դավաճան իշխանություններին»,–ասաց Սարգսյանը։

Նշենք, որ ԱԺ 107 պատգամավորներից 62-ն այսօր կողմ քվեարկեցին Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը։ Խորհրդարանն այժմ քննում է նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը։

Նշենք, որ Արթուր Սարգսյանին մեղսագրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 43-308 հոդվածի (ահաբեկչության նախապատրաստում) 1-ին մասով և 43-419 հոդվածի (իշխանության զավթման նախապատրաստում) 1-ին մասով գործողություններ։

Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդությունը «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում է։

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ