Логотип

Արտակ Բեգլարյան․ Փաշինյանն իր հայտարարություններով ջուր է լցնում ադրբեջանական մշակութային ցեղասպանության ջրաղացին

Դա միանշանակ ոչ թե ուղղակի, այլ անուղղակի արդարացում է։ Նման համեմատությունն աբսուրդ է, բայց դա Փաշինյանի և նրա էլիտայի ոճն է՝ այն տեսանկյունից, որ բնիկ բնակչությունը եկեղեցի է կառուցել իր տարածքում, և տվյալ դեպքում այդ բնիկ լինելը մեծ նշանակություն չունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Այսպես է նա մեկնաբանել ՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում եկեղեցիների քանդման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

Ըստ Բեգլարյանի՝ Փաշինյանը տվյալ իրավիճակը համեմատում է Արծվաշենի հետ, «բայց Արծվաշենը օկուպացված է, իսկ Արցախը մեր կողմից օկուպացված չի եղել, ինչքան էլ նա այդպես համարի»։

«Արցախը մեր հայրենիքն է, և մեր հայրենիքում մենք նույնիսկ 1999 թվականին նոր եկեղեցի ենք կառուցել։ Դա մշակութային արժեք է՝ պաշտպանված միջազգային իրավունքով»,- ընդգծել է Արցախի նախկին պետնախարարը։

Նրա խոսքով՝ այս պարագայում Հայաստանի վարչապետը զբաղվում է «կեղծ լրագրությամբ կամ բլոգերային մանիպուլյացիաներով»՝ Էլ չասած փորձագիտական հիմնավորման բացակայության մասին։

«Երկրորդ՝ այդ հայտարարություններով նա փաստացի ջուր է լցնում ադրբեջանական մշակութային ցեղասպանության ջրաղացին՝ պնդելով, որ 90-ականներից մինչ օրս կառուցված բոլոր հայկական շենքերը կարող են քանդվել։ Բայց ես ունեմ երրորդ հարցը. եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ նրանք չեն դիտարկում մինչև 1990-ականները կառուցված եկեղեցիների կամ այլ հուշարձանների ավերման դեպքերը, ներառյալ միջնադարում կառուցվածները։

Լավ, հասկանում ենք, դուք շատ կասկածներ ունեք այդ մասով, բայց ինչո՞ւ չեն դիտարկում մնացած հուշարձանների ոչնչացումը։ Ինչո՞ւ չեն դիտարկում գերեզմանատների ավերումը կամ շենքերի, շինությունների, տների քանդումը, երբ իրենք նման պարտավորություն ունեն»։

Ավելի վաղ ՀՀ վարչապետը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ «պարզաբանել էր» օկուպացված Ստեփանակերտում եկեղեցիների քանդումը։

«Պատկերացնենք մի պահ, երբ սահմանազատման արդյունքում Արծվաշենը վերադառնում է Հայաստանի վերահսկողության տակ, և մենք հայտնաբերում ենք, որ այնտեղ մեծ մզկիթ է կառուցված, ի՞նչ պետք է անենք»,- ապրիլի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր նա։

Ըստ նրա՝ կարող է ընդունվել նաև նման որոշում (Ադրբեջանի կողմից Ստեփանակերտում եկեղեցիների քանդման նմանությամբ -խմբ.)։ Նա հավելել է, որ այդ եկեղեցիները (Ստեփանակերտում -խմբ.) կառուցվել են 2015 և 2016 թվականներին։ Փաշինյանը պարզաբանել է, որ մշակութային-պատմական հուշարձաններն ունեն որոշակի չափանիշներ։ Նա կրկնել է, որ Արծվաշենը Հայաստանի ինքնիշխան տարածքն է, իսկ Ադրբեջանն ու Հայաստանը փոխադարձաբար ճանաչել են տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։

«Արծվաշենցիները կասե՞ն՝ ոչինչ, սա մշակութային-պատմական հուշարձան է։ Երբ մենք ինչ-որ բանի մասին խոսում ենք, պետք է խոսել համալիր։ Ես ցանկություն չունեմ ասելու, որ Հայաստանը երբևէ ինչ-որ բան է արել և այլն։ Ես տեսնում եմ, որ Ադրբեջանն էլ Հայաստանի մասին տարբեր բաներ է ասում։ Ես ասում եմ՝ մենք պետք է որոշում կայացնենք՝ ի՞նչ ենք անում. գնում ենք կոնֆլիկտի ճանապարհո՞վ, թե՞ ոչ։ Հայաստանում խոսում են բազմաթիվ ռազմական հանցագործների մասին, Ադրբեջանում էլ են այդ մասին խոսում»,- հավելել է վարչապետը։

Ըստ նրա՝ Հայաստանի արձագանքը պետք է հիմնված լինի ստորագրված փաստաթղթերի վրա։ «Հարցն այն է՝ մենք կոնֆլիկտը և ղարաբաղյան շարժումը շարունակո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Եթե հարցեր կան, ես կարող եմ «off the record» (չհրապարակման պայմանով) լրացուցիչ տեղեկատվություն տալ։ Թեև, կարծում եմ, դուք այդ մասին գիտեք, բայց ձևացնում եք, թե չգիտեք»,- եզրափակել է Փաշինյանը։