Последние новости

ԿԲ․ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ՀՀ տնտեսության վրա կունենան զգալի բացասական ազդեցություն

Ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Ռուսաստանի նկատմամբ իրականացվող պատժամիջոցները, մատակարարման շղթաների խաթարումներով և առկա մեծ անորոշությամբ պայմանավորված՝ միջազգային ապրանքահումքային շուկաներում ձևավորված գնաճային միջավայրն ու գնաճային սպասումները զգալի բացասական ազդեցություն կունենան ՀՀ տնտեսության վրա, այս մասին ասվում է Կենտրոնական բանկի հրապարակած «Գնաճի հաշվետվություն»–ում։

Նշվում է, որ 2022 թ. սկզբին և՛ համաշխարհային, և՛ ՀՀ տնտեսությունում դիտվում էր տնտեսական ակտիվության արագ վերականգնում, իսկ 12-ամսյա գնաճը ՀՀ-ում նվազում էր սպասվածից ավելի արագ տեմպերով: Ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության սրումը և Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն աննախադեպ մեծ անորոշություններ են ստեղծել ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանի տնտեսական զարգացումների առումով: Էական բարձր անորոշությունների և բազմակողմանի ռիսկերի ձևավորման պայմաններում ՀՀ ԿԲ-ն կառուցել է իրավիճակի զարգացման մի շարք սցենարներ, որոնցից մեկն ընկած է ընթացիկ դրամավարկային քաղաքականության ծրագրի հիմքում:

«Տվյալ սցենարի համաձայն՝ ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության և Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների կիրառման հետևանքով ընթացիկ տարում սպասվում է համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճի տեմպերի զգալի դանդաղում, իսկ Ռուսաստանի պարագայում՝ տնտեսական անկում: Միաժամանակ, մատակարարման շղթաների խաթարումներով և առկա մեծ անորոշությամբ պայմանավորված՝ միջազգային ապրանքահումքային, այդ թվում՝ էներգակիրների և պարենային ապրանքների առանձին շուկաներում գնաճային միջավայրն էականորեն ընդլայնվել է, և ավելացել են գնաճային սպասումները:

Նշված զարգացումները և հատկապես ՌԴ-ի նկատմամբ կիրառված պատժամիջոցները ՀՀ տնտեսության վրա կունենան զգալի բացասական ազդեցություն, ինչը հիմնականում կարտահայտվի արդյունաբերության ճյուղի անկմամբ և դրամական փոխանցումների նվազմամբ: Վերջինիս բացասական ազդեցությունը համախառն պահանջարկի վրա մասամբ կմեղմվի զբոսաշրջության ոլորտում սպասվող որոշակի աշխուժացմամբ՝ պայմանավորված հիմնականում ՌԴ-ից ժամանած զբոսաշրջիկների զգալի ավելացմամբ։ Մյուս կողմից՝ ապրանքահումքային միջազգային շուկաներից ներմուծվող մի շարք ապրանքների միջոցով ներքին գներին է փոխանցվում գնաճային զգալի ազդեցություն, ինչն իր հերթին արտահայտվում է գնաճային սպասումների և ռիսկերի ավելացմամբ»,– ասվում է հաշվետվությունում։

ՀՀ ԿԲ ներկայացրած սցենարի համաձայն՝ վերոնշյալ գործոններով պայմանավորված, առաջիկա եռամսյակներում սպասվում է բարձր գնաճային միջավայրի պահպանում: Այդ իրավիճակում, հաշվի առնելով երկրի ռիսկ-հավելավճարի էական ավելացումն ու գնաճային սպասումների աճը՝ Կենտրոնական բանկն արդեն իսկ համեմատաբար մեծ քայլով բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը: Վերջինս, քաղաքականության տոկոսադրույքի նախորդ բարձրացումների հետ մեկտեղ, սպասվող մակրոտնտեսական զարգացումների ներքո կհանգեցնի 12-ամսյա գնաճի աստիճանաբար նվազմանը և միջնաժամկետ հատվածում նպատակային 4% ցուցանիշի շուրջ կայունացմանը:

«ԿԲ կարճաժամկետ կանխատեսումների սույն սցենարի համաձայն՝ ՀՀ հիմնական գործընկեր երկրի՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցների բացասական ազդեցության պարագայում 2022 թ. ՀՀ տնտեսական աճի կանխատեսված ցուցանիշը էականորեն նվազեցվել է: Միջնաժամկետ հատվածում ևս տնտեսական աճը, նախորդ կանխատեսման համեմատությամբ, ավելի ցածր կլինի: Մինչև տարեվերջ տնտեսական աճը կպահպանվի ցածր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կավելանա և կկայունանա երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակի շուրջ:

2022 թ. համար կանխատեսված տնտեսական աճի վերանայումը մեծ մասամբ պայմանավորված է արդյունաբերության ճյուղի սպասվող անկմամբ, ինչպես նաև շինարարության ու ծառայությունների ճյուղերի աճի տեմպերի դանդաղմամբ: Միաժամանակ, համախառն պահանջարկը կկրի արտաքին պահանջարկի թուլացման և արտերկրից դրամական փոխանցումների զգալի նվազման բացասական ազդեցությունը, մինչդեռ զբոսաշրջության ոլորտից ակնկալվում է դրական նպաստում: Միջնաժամկետում տնտեսական աճի դանդաղումը կպայմանավորվի ներդրումների ակնկալվող ավելի թույլ միջավայրով, ինչն էլ իր հերթին կանդրադառնա արտադրողականության ավելի դանդաղ վերականգնման վրա։ Կանխատեսվող հորիզոնում գնաճի և տնտեսական աճի կանխատեսված ուղեգծից շեղման ռիսկերը հավասարակշռված են (մանրամասն տե՛ս «2.2.4. Հիմնական դատողություններ և ռիսկեր» ենթաբաժնում): Կենտրոնական բանկը, ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների և առկա բարձր անորոշության ներքո, քննարկում է տարբեր սցենարներ, ամենօրյա ռեժիմով մշտադիտարկում մակրոտնտեսական իրավիճակի փոփոխությունները և որևէ ուղղությամբ գնաճային ռիսկերի դրսևորման դեպքում պատրաստ է համապատասխանորեն արձագանքելու՝ միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործումն ապահովելու համար»,– ասվում է ԿԲ–ի հրապարակած «Գնաճի հաշվետվություն»–ում, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ