Последние новости

ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ Է, ՔԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ

Կառավարությունները շատ ժամանակ և ռեսուրսներ են ծախսում՝ փորձելով մեղմել ուկրաինական պատերազմի պատճառով էներգիայի գների կտրուկ աճը։ Սակայն պատերազմն ավելի մեծ ճգնաժամի սերմեր է ցանել, որին գրեթե նույնքան ուշադրություն չի դարձվում: Պարենի համաշխարհայինպակասը սննդամթերքի գները ռեկորդային մակարդակների է հասցնում, ինչը տնտեսական և քաղաքական հետևանքներ ունի զարգացած երկրների համար և սովի ու պարտքային ճգնաժամի սպառնալիք է ստեղծում ձևավորվող շուկայով երկրների համար:

Ռուսաստանը եվ Ուկրաինան արտադրում են ցորենի համաշխարհային արտահանման 30 տոկոսը, ինչպես նաև՝ արևածաղկի ձեթի 60 տոկոսը։ Առնվազն 26 երկիր իրենց հացահատիկի կեսից ավելին ստանում են Ռուսաստանից և/կամ Ուկրաինայից։

Ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալների՝ պատերազմը մինչև 2022 թվականի սեզոնն Ուկրաինայի գյուղատնտեսական հողերի 20-30 տոկոսը չցանված կամ չհնձված կթողնի: Չնայած ռուս ֆերմերները դեռ կարող են արտադրել, պատժամիջոցները խոչընդոտում են արտահանմանը:

Ռուսաստանը՝ պարարտանյութերի աշխարհի խոշորագույն արտահանողը, մարտի սկզբին հայտարարեց արտահանման արգելքի մասին: Արտահանումը Բելառուսից պատժամիջոցների տակ է: Անցած ամառ Չինաստանը պարարտանյութերի արտահանման արգելք սահմանեց։ Ներկայումս պարարտանյութերի համաշխարհային աղետալի դեֆիցիտ կա: Գները կտրուկ աճել են, ինչը ֆերմերներին ստիպում է հաջորդեցնել մշակաբույսերը կամ ավելի քիչ սննդանյութեր օգտագործել, ինչը հավանաբար ավելի ցածր բերքատվության կհանգեցնի:

ՊԳԿ պարենային ապրանքների գների ինդեքսի համաձայն՝ անցած տարվա ապրիլից պարենային ապրանքների գներն աճել են գրեթե 30 տոկոսով։ Այս ճգնաժամն առավել սուր զգացվում է զարգացող երկրներում։ Սննդամթերքի գնումները կազմում են ցածր եկամուտ ունեցող երկրներում տնային տնտեսությունների ընդհանուր ծախսերի առնվազն կեսը, և զարգացող շուկաներով շատ կառավարություններ պարենային սուբսիդիաներ են տրամադրում: Դրանց պահպանումը գնալով ավելի է դժվարանում, քանի որ փոխառության ծախսերի աճը սահմանափակում է բյուջետային տարածքը, իսկ պարենային ապրանքների գներն արագ աճում են: Համաշխարհային բանկի տվյալներով՝ սննդամթերքի գների բարձրացման յուրաքանչյուր տոկոսային կետով աշխարհում 10 միլիոն մարդ աղքատության շեմից այն կողմ է հայտնվում:

Շատ զարգացող շուկաներում պարենային անապահովությունն արդեն սոցիալական բողոքների և աշխարհաքաղաքական ռիսկերի աղբյուր է դարձել: Պարենային մթերքների և էներգակիրների գների աճը բողոքի ցույցեր է առաջացրել Շրի Լանկայում, Թունիսում և Պերուում։ Զարգացած տնտեսությունները ևս վտանգի տակ են։ Գրեթե 10 միլիոն բրիտանացի ապրիլին կրճատել է սննդամթերքի սպառումը կամ բաց են թողել սննդընդունումը, իսկ Ֆրանսիան նախատեսում է սննդի կտրոններ տրամադրել ամենաաղքատ ընտանիքներին: Պարենի և էներգակիրների գներով պայմանավորված գնաճն ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի հարց է, որը կարող է փոխել այն, թե ով է վերահսկում Կոնգրեսը:

Մի շարք երկրների կողմից տեղական մատակարարումների պաշտպանության նպատակով կիրառվող առևտրային սահմանափակումները բազմապատկիչ ազդեցություն ունեն, որն արագացնում է պարենային ապրանքների գնաճը: Ռուսական արևածաղկի ձեթի արտահանման սահմանափակումները ստիպել են Ինդոնեզիայի ապրիլին արգելել արմավենու յուղի արտահանումը: Անցյալ շաբաթ Հնդկաստանն արգելք սահմանեց ցորենի արտահանման վրա։

Պարենային օգնության տրամադրմանն ուղղված համաշխարհային ջանքերը պատմականորեն անփույթ, իսկ երբեմն նաև հակաարդյունավետ են եղել: ԱՄՆ-ն, որը պարենային օգնություն մատակարարող աշխարհի խոշորագույն երկիրն է, պահանջում են, որպեսզի այն լինի ոչ թե կանխիկ գումարի, այլ ԱՄՆ-ում արտադրված սննդի տեսքով: և դրանց առնվազն կեսը պետք է ուղարկել ամերիկացիներին պատկանող նավերով։ Արդյունքում, Աֆրիկյան երկրներին պարենային օգնության վերջերս հաստատված օրինագիծը նախատեսում է, որ ԱՄՆ-ն 388 միլիոն դոլար կծախսի 282 միլիոն դոլարի սննդամթերք տեղափոխելու համար:

Տնտեսագետները և պարենային օգնության փորձագետներն ասում են, որ աշխարհը պետք է կենտրոնանա փող և փորձ ուղարկելու, այլ ոչ թե միայն սննդի պաշարներ կուտակելու վրա: Շատ ավելի էժան և շատ ավելի արդյունավետ է օգնել ֆերմերներին տեղական մակարդակով տեղական արտադրանք արտադրել՝ բերքը հարմարեցնելով իրենց կլիմայական և հողային պայմաններին: Սննդամթերք և պարարտանյութ արտահանողները, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Կանադան, ԵՄ-ն, Արգենտինան և Բրազիլիան, պետք է համաձայնեն առևտրային սահմանափակումներ չկիրառել, իսկ Հնդկաստանը պետք է չեղարկի իր սահմանափակումները: ԱՄՆ-ն և ԵՄ-ն ՄԱԿ-ի հետ միասին պետք է քննարկեն Ուկրաինայից հավաքված հացահատիկի արտահանման ուղիները։ Թեև դա քիչ հավանական է, Չինաստանը կարող է կատարել իր ներդրումը՝ վերացնելով պարարտանյութերի արտահանման արգելքը և նվազեցնելով եգիպտացորենի, բրնձի և ցորենի պաշարները:

Ներկայումս ծրագրեր են իրականացվում՝ Ռուսաստանից էներգիայի արտահանման կորուստը փոխհատուցելու հարցում երկրներին օգնելու համար։ Իսկ պահանջարկի անկումը, քանի որ համավարակի հետ կապված օգնության կրճատումը դանդաղեցնում է աճը, ևս պետք է էներգակիրների գների նվազման հանգեցնի: Սակայն պարենային ճգնաժամն ավելի երկար կտևի և կազդի միլիոնավոր մարդկանց վրա: Պատերազմը կավարտվի, բայց կլիմայի փոփոխությունը կշարունակի ազդել սննդի մատակարարումների վրա։ Համաշխարհային առաջնորդները պետք է հիշեն «ինչ ցանես, այն էլ կհնձես» խրատը:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ