Последние новости

Զոհվածների ընտանիքներում այս տարի 20 երեխա է ծնվել, 31 մայր էլ հղի է

Անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակում այս տարվա առաջին 6 ամիսներին 44 երեխա է ծնվել։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը։

«Վերջին 6 ամսվա ընթացքում արձանագրվել է 104 նոր հղիություն։ Տարեցտարի ծրագրի արդյունքները բարելավվում են` եթե նախորդ տարի սպասարկել ենք 917 շահառուի, ապա այս տարվա առաջին կիսամյակում արդեն իսկ 577 շահառուի ենք սպասարկել»,- ասաց Փաշայանը։

Ծրագիրը ներառում է անպտղություն ունեցող զույգերի պատճառագիտության ախտորոշումը, որը կարող է ներառել նաև վիրահատական միջամտություն։ Ծրագրի շրջանակում նաև արտամարմնային բեղմնավորում է կատարվում և արգանդի խոռոչում ներպատվաստում։ Արտամարմնային բեղմնավորման երկու փորձ է նախատեսված, որից առաջինն անվճար սկզբունքով է արվում, իսկ երկրորդը` 50 տոկոս զեղչով։

Փաշայանը նշեց` եթե զույգը դառնում է շահառու, ապա առաջին փորձի բոլոր ծախսերը պետպատվերի հաշվին են արվում։ Նա հիշեցնում է, որ ծրագրի շահառու կարող են դառնալ հաշմանդամություն ունեցող անձինք (տարբերություն չկա, թե ով ունի հաշմանդամություն` ամուսինը, թե կինը ), սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, զինծառայողները կամ նրանց հավասարեցված անձինք և 44-օրյա պատերազմում զոհվածների, անհետ կորածների ծնողները։ Ծրագրից կարող են օգտվել նաև 44-օրյա պատերազմից հետո շփման գծում զոհվածների ծնողները։

«Վերջին շրջանում ավելացել է զոհված ծնողների կողմից ծրագրին դիմելիությունը. երեկվա դրությամբ այս տարի 20 նման ընտանիքներ երեխա են ունեցել։ Բացի այդ, միայն առաջին կիսամյակում 31 նոր գրանցված հղիություն կա շահառուների այս խմբում։ Այս կանանց խումբը հիմնականում արական սեռի բալիկ են ակնկալում, սակայն մեզ համար էական չէ սեռը»,- ասաց Փաշայանը։

Նա հավելեց` անպտղությունն ավելի բարձր է տղամարդկանց մոտ` մոտ 19 տոկոս։ Տղամարդկանց մոտ անպտղությունն ավելի բարձր լինելու հանգամանքը պայմանավորված է սեռավարակներով, հիգիենայի պահպանմամբ։

Հիշեցնենք, որ եթե նախորդ տարի 500 մլն դրամ էր ծախսվել ծրագրի շրջանակում, ապա այս տարի 917 մլն դրամ է նախատեսված ծրագրի իրականացման համար։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ