Последние новости

Աշխարհում կապիկի ծաղիկի ավելի քան 17 000 դեպք է գրանցվել

Ամբողջ աշխարհի 80 երկրում հուլիսի 25-ի դրությամբ արձանագրվել է կապիկի ծաղիկի ավելի քան 17000 դեպք, այդ թվում՝ 5 մահվան դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)։

«Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Իսպանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում: Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում»,– ասված է հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ վարակի փոխանցումը մարդուց մարդ հնարավոր է շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ երկարատև սերտ շփման արդյունքում։ Հնարավոր է նաև, որ վարակը փոխանցվի օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով:

Այսպիսով՝ վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, որոնք ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղիկի ախտանշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, որոնք պատվաստվել են բնական ծաղիկի դեմ, որոշակի պաշտպանվածություն ունեն նաև կապիկի ծաղիկ հիվանդության դեմ:

Վարակը կարող է ավելի ծանր ընթանալ երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում: Բուժաշխատողները նույնպես ավելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով:

Նախարարությունն ու ԱՀԿ–ն հորդորում են ճամփորդելիս մի քանի կանոն պահպանել.

- խուսափել հիվանդությանը բնորոշ ախտանշաններ ունեցող անձանց հետ սերտ շփումից,

- խուսափել հիվանդ մարդկանց կողմից օգտագործվող իրերին (օրինակ՝ հագուստ, անկողնային պարագաներ կամ բժշկական կազմակերպություններում օգտագործվող նյութեր) դիպչելուց,

- դիմել բժշկական օգնության, եթե նկատվում է նոր, անբացատրելի մաշկային ցան (մարմնի որևէ մասի վերքեր), ջերմությամբ և դողով կամ առանց դրա, և խուսափել ուրիշների հետ շփումից:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ