Последние новости

Դավիթ ՏՈՆՈՅԱՆ․ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՊԵՏՔ Է ԿՏՐՈՒԿ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը խմբավորել է վերջին շաբաթներին տարբեր լրատվամիջոցներից Դավիթ Տոնոյանին ուղղված հարցերը և ներկայացնում է պատասխանները:

- Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի տարածք ներխուժած և դիրքավորված թշնամանական զորքերի հետքաշումը:

- Երկօրյա ռազմական գործողությունների արդյունքում բավականին տարօրինակ իրավիճակ է ստեղծվել՝ երկկողմանի զոհերի և վիրավորների քանակը բավականին մեծ է, դիրքային փոփոխությունների պատկերը՝ մտահոգիչ:

Հակառակորդը հայտարարում է, որ իր նպատակին հասել է և արհամարհում է միջազգային բոլոր արձագանքները: Առերևույթ ՀՀ զինված ուժերը «կաշկանդվածություն» են դրսևորում, որը, կարծում եմ, քաղաքական որոշման արդյունք է: Նման «կաշկանդվածության» շարունակությունը ծանր հետևանքներ է թողնելու զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի և, հետևաբար, մարտունակության վրա:

Հարց է առաջանում՝ ո՞րն է այն «կարմիր գիծը», որի հատման պարագայում Զինված ուրեն այլևս կաշկանդված չեն լինի: Արդյո՞ք քաղաքական իշխանությունը զինված ուժերի գործողությունները գնահատում է բավարար, թե՞ կարծում է, որ դրանք ունակ չեն նշված իրավիճակում պատշաճ գործելու, և ցանկացած հանդուգն գործողություն կարող է մեծաթիվ կորուստների պատճառ դառնալ:

Այս հարցադրումներին հրապարակային պատասխաններ չեն հնչել: ՀՀ սահմանների վտանգված լինելը չի չեզոքացվելու, ժողովրդական լեզվով ասած, «պլստալու», «արանքը ճղելու» կամ «Աստված կտա»-ի միջոցով: Զինված ուժերի ղեկավարությունը քաղաքական ղեկավարությունից պետք է պահանջի բանակին անհրաժեշտ միջոցների մատակարարում, իսկ կառավարությունն օր առաջ դա պետք է ապահովի՝ ցանկացած գնով: Կրկնում եմ՝ ցանկացած գնով. և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստով:

- Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ Նախիջևանից ներխուժման վտանգ է տեսնում: Ի՞նչ կարող են անել զինվորականները և դիվանագետները այդ վտանգը չեզոքացնելու կամ մեղմելու համար:

- Նախիջևանի ուղղությունը նոր չէ, որ խնդրահարույց է: Ժամանակին բավականին միջոցներ ձեռնարկվել էին այդ ուղղությամբ ռազմական գործողությունների վտանգը չեզոքացնելու համար:

Մոտեցումս հետևյալն է՝ Զինված ուժերի մարտունակությունը սեղմ ժամկետում պետք է կտրուկ բարձրացնել, որակական փոփոխություն ապահովել հակառակորդի նկատմամբ, որպեսզի հնարավոր լինի ժամանակակից ռազմական գործողություններ վարել ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով և ապահովել ՀՀ պարտավորությունը Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը և ինքնորոշվելու իրավունքը երաշխավորելու առումով:

- Նենսի Փելոսիի այցից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո կարծիքներ հնչեցին, որ Հայաստանը պետք է փորձի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցություն ծավալել Արևմուտքի հետ: Որքանո՞վ եք իրատեսական համարում նման գաղափարները:

- Նման համագործակցություն ծավալելու գաղափարը նոր չէ և լիովին իրատեսական է: Գործնական առումով ինձ հայտնի չէ, թե արդյո՞ք արևմտյան երկրները 2020 թվականի նոյեմբերից հետո հանել են քաղաքական սահմանափակումները Հայաստանին և Ադրբեջանին սպառազինություններ մատակարարելու վերաբերյալ: Եթե այդ սահմանափակումները հանվել են, թուլացվել են կամ «անտեսվում են», ապա՝ ի գո՛րծ: ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը երբեք իրական խոչընդոտ չի եղել Արևմուտքից ռազմական գնումներ կատարելու համար, դա արհեստածին միֆ է: Գործել են զուտ վերոհիշյալ սահմանափակումները:

Նշեմ նաև, որ զենքի և զինամթերքի գնումները լռություն են սիրում, այլ ոչ թե հրապարակախոսական ելույթներ։

- Հայաստանի իշխանությունները հանդես են եկել ՀԱՊԿ-ի փաստացի անգործության հրապարակային քննադատությամբ: Ինչպե՞ս եք գնահատում դա:

- ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը, որպես Ադրբեջանին զսպող գործոն, դարձյալ միֆ է, որի փլուզման ականատեսն ենք հիմա: ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին հետապնդում է անվտանգության ապահովման այլ՝ բազմաշերտ նպատակներ, որոնց փոփոխություն ես չեմ տեսնում:

Անկախ ամեն ինչից, ՀԱՊԿ-ը որևէ կերպ չի խոչընդոտում, որ ՀՀ Զինված ուժերը պաշտպանեն մեր սահմանները։

Verelq.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ