Последние новости

Հայ գերիներին խոշտանգելուց հետո սպանել են. ՄԻՊ-ը կդիմի միջազգային կառույցներին

Սոցիալական ցանցի ադրբեջանական տիրույթում տարածված հերթական տեսանյութը հիմնավորում է, որ հայ ռազմագերիներին սպանել են։ Այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի տարածած հաղորդագրությունում։

«Երեկ տարածված տեսանյութը պատկերում է անզեն հայ ռազմագերիների խոշտանգման հերթական դեպքը՝ հիմնավորելով այդ ռազմագերիներին հաջորդիվ սպանելու փաստը։ Այս անգամ էլ ադրբեջանական զինուժը տեսանկարահանում է իր պատերազմական հանցագործության փաստը։ Պաշտպանի հաստատությունը տեղորոշել է վայրը, հաստատում ենք, որ տեսանյութի իրադարձությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 13-ին Հայաստանի տարածքի վրա ադրբեջանական զինուժի հարձակման ընթացքում»,– նշել է Գրիգորյանը։

Նրա խոսքով` տեսանյութում պատկերված հայ ռազմագերիները նույնականացված են։ Այս փաստերը, ի թիվս այլ ապացույցների, հաստատվում են սույն թվականի հոկտեմբերի 4-ին հայրենադարձված հայ ռազմագերիների վկայություններով։

«Նշված փաստերը մանրամասներով փաստաթղթավորվել են և կուղարկվեն միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու դերակատարներին»,– շեշտել է Գրիգորյանը։

Պաշտպանն արձանագրել է, որ ադրբեջանական զինծառայողների իրականացրած ծանր հանցանքները շարունակում են մնալ անարձագանք, իսկ անպատժելիությունը նրանց քաջալերում է նոր ու ավելի ծանր հանցանքներ գործելու համար։ Նրա խոսքով` այս արարքները պետք է հստակորեն դատապարտվեն միջազգային իրավասու դերակատարների կողմից, միջազգային հանրությունը պետք է առավել հետևողականորեն պահանջի ադրբեջանական իշխանություններից պատշաճ քննություն իրականացնել և հանցագործներին ու կազմակերպիչներին մեդալներով զարդարելու փոխարեն պատժել։

Նշենք, որ երեկ տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները դիտավորյալ վնասում գերիների ոտքերն ու ստիպում ոտքի կանգնել։

Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական Telegram ալիքներում մեկ այլ տեսանյութ էր տարածվել, որում ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։

Ըստ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի` հստակ ապացույցներ կան, որ հայ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը, որը վերապատրաստվում է թուրք հրամանատարների կողմից:

Գնդակահարությունը տեղի է ունեցել Իշխանասարում։ Արդեն նույնականացրել են գնդակահարված երկու զինծառայողի։ Տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել են 9 զինծառայողներ, որոնցից 4-ին գնդակահարում են: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կան:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ