ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն․ ՀՀ արտահանման մեջ հանքարդյունաբերության ոլորտի մասնաբաժինը 40% է
Հանքարդյունաբերության ոլորտին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման 40%–ը։ Ավելին`առաջին 9 ամիսների արդյունքներով ոլորտն ապահովել է բյուջեի եկամուտների շուրջ 20%–ը։ Այս մասին ԶՊՄԿ–ի կայուն զարգացման առաջին հաշվետվության հրապարակմանը նվիրված համաժողովի ժամանակ հայտարարեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին։
Նա նշեց, որ հանքարդյունաբերությունը տնտեսության ամենահամակարգաստեղծ ոլորտներից մեկն է։ Աշխարհում ընդհանուր առմամբ ոլորտի յուրաքանչյուր անմիջական աշխատատեղ 4-5 անուղղակի աշխատատեղ է ապահովում։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ապահովում է տասնյակհազարավոր անուղղակի աշխատատեղեր, աշխատանքով է ապահովում հարյուրավոր ընկերությունների, մատակարարների Սյունիքի մարզում և ամբողջ երկրում։ Այս տարի մենք ռեկորդային թվով եկամուտ ենք ապահովել բյուջե։ Առաջին 9 ամիսների տվյալներով` ԶՊՄԿ–ն պետբյուջե է վճարել 130 մլրդ դրամ հարկ, մինչև տարեվերջ այդ թիվը նախատեսում ենք ավելացնել մինչև 150 մլրդ դրամ», – ասաց Խուդոլին։
Նրա խոսքով` այս թիվն ավելի մեծ է, քան Հայաստանի հաջորդ 6 խոշոր հարկատուներից ստացված ընդհանուր գումարը։ Խուդոլին վստահություն հայտնեց, որ Հայաստանն այս ոլորտը զարգացնելու մեծ ներուժ ունի։
ԶՊՄԿ–ի գլխավոր տնօրենը նշեց, որ տարբեր հաշվարկների համաձայն` հաջորդ 15 տարիների ընթացքում աշխարհում վերականգնվող էներգիայի անցում կատարելու առնչությամբ մի քանի անգամ կաճի որոշ մետաղների, մասնավորապես պղնձի պահանջարկը։
«Դա նոր հնարավորություններ է բացում արդյունաբերության համար, միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն դնում, չէ՞ որ կարևոր է ոչ միայն արտադրել, այլև դա պատասխանատու կերպով անել», – ասաց նա։
Նա ընդգծեց, որ ընկերությունն իր առաջ խնդիր է դրել հետևել միջազգային պրակտիկայի լավագույն օրինակներին։ Բացի այդ, վերջին մեկ տարվա ընթացքում ԶՊՄԿ–ն մի շարք փոփոխություններ է նախաձեռնել։ Խուդոլին նշեց, որ ԶՊՄԿ–ն իր գործունեություն մեջ հատուկ ուշադրություն է դարձնում կառավարմանը, կայուն և կառուցողական արտադրական հարաբերությունների պահպանմանը, լուրջ վերաբերվում բնապահպանական և սոցիալական հարցերին։
«Մենք ընդունում ենք կայուն զարգացմանն աջակցելու անհրաժեշտությունը, և դա այն ճանապարհն է, որը մենք ընտրել ենք` կառուցողական գործընկերություն կառուցելով պետության, քաղաքացիական հասարակության և այլ շահագրգիռ կողմերի հետ։ Մենք ամրացնում ենք մեր դիրքերը որպես ընկերություն, որը հուսալի գործընկեր է և արդյունավետ կորպորատիվ քաղաքականություն է վարում», – ասաց Խուդոլին։
Ինչ վերաբերում է ԶՊՄԿ–ի կայուն զարգացման առաջին հաշվետվության հրապարակմանը, ապա սա կարևոր քայլ է նպատակին հասնելու ճանապարհին, այն է` արդիականացման հարցում առաջատար դառնալ ոչ միայն երկրում, այլև տարածաշրջանում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն իր հերթին նշեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կարևոր դեր է խաղում Հայաստանի տնտեսության մեջ։
«Սա մի հզոր կառույց է, որը լուրջ ներդրում է անում մեր երկրի տնտեսության մեջ։ Տարեցտարի հանքում ներդրվում են լավագույն տեխնոլոգիաներն ու փորձը», – ասաց Սանոսյանը։
Նա նշեց բնապահպանական խնդիրները հաշվի առնելու կարևորությունը, ինչպես նաև սոցիալական ոլորտում տարվող աշխատանքը, որը կոմբինատի ղեկավարությունն իրականացնում է։
Հիշեցնենք` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը շահագործում է Քաջարանի հանքավայրն ու երկրի այլ հանքարդյունահանող ձեռնարկություններ, շարունակում է սովորականից մի քանի անգամ շատ հարկեր վճարել։
Այս տարվա հոկտեմբերի ՊԵԿ–ը հրապարակեց 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկը: Հայաստանյան խոշոր հարկատուների ցանկը, ինչպես և այս տարվա առաջին ու երկրորդ եռամսյակներում, գլխավորում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 06:20
Согласно оценке разведки США, изложенной четырьмя осведомленными источниками, военные удары США по трем ядерным объектам Ирана в прошлые выходные не уничтожили основные компоненты ядерной программы страны и, вероятно, лишь отбросили ее на несколько месяцев назад. Об этом сообщает CNN.
-
2025-06-25 06:16
Израиль не смог достичь своих целей, нанеся удары по ядерным объектам Ирана, Тель-Авив заплатил высокую цену за это. Об этом заявил президент Ирана Масуд Пезешкиан в своем письменном обращении к жителям исламской республики.
-
2025-06-25 06:13
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в телефонном разговоре с министром иностранных дел Китайской Народной Республики Ван И обсудил последние региональные события после «агрессии сионистского режима» и США против Ирана.
-
2025-06-25 06:06
Бывший премьер-министр Армении Карен Карапетян выразил свою поддержку бизнесмену Самвелу Карапетяну.