Последние новости

Հայկական ԱԷԿ-ում օգտագործված վառելիքը կարելի է վերամշակել. Ռոսատոմի նոր տեխնոլոգիան

Հայկական ԱԷԿ-ի վառելիքը կարող է վերամշակվել ռուսական գործարաններում, ինչը թույլ կտա մի քանի անգամ նվազեցնել վառելիքի պահպանման տարածքները Հայաստանում։ Այդ մասին հայ լրագրողներին հայտնեց «Տեխսնաբէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ելենա Արտյոմովան Սոչիում կայացած «Ատոմէքսպո-2022» ատոմային տեխնոլոգիաների ցուցահանդեսի շրջանակում։

Այժմ միջուկային վառելիքը կայաններում պահվում է 60 տարի՝ հույս ունենալով, որ հետագայում վերամշակման նոր տեխնոլոգիաներ կհայտնվեն։ Մի շարք երկրներ (Ֆինլանդիա, Շվեդիա և այլն) ծրագրում են խորը թաղել այն, բայց, ըստ Արտյոմովայի, նման հանքեր կառուցելը դժվար ու բավական թանկ գործ է։

Սակայն գոյություն ունի վերամշակման տեխնոլոգիա, որի դեպքում օգտագործված վառելիքը հատուկ ավազանում մնալուց հետո որոշ ժամանակ անց կարող է դուրս բերվել վերամշակման: Այդ նպատակով Ռուսաստանում երկու ձեռնարկություն է գործում` «Մայակը» (Չելյաբինսկ) և «Լեռնաքիմիական կոմբինատը» (Կրասնոյարսկի երկրամաս)։

Մինչև վերջերս բարձր ակտիվության թափոնները ծածկվում էին հատուկ ապակիով և թաղման համար վերադառնում այն ատոմակայան, որտեղից ուղարկվել էր։ Այսուհետ վերամշակումը կդառնա «Ռոսատոմի» ստանդարտ առաջարկը խորհրդային-ռուսական ՋՋԷՌ ռեակտորներով բոլոր կայանների համար (Հայկական ԱԷԿ-ը բաղկացած է երկու էներգաբլոկից` ՋՋԷՌ-440 տիպի (В-270 մոդելի) ռեակտորներով):

«Այդ մոտեցումը կարող է կիրառվել նախկինում կուտակված վառելիքի նկատմամբ, մասնավորապես` Հայաստանի ատոմակայանում։ Այժմ, ինչպես գիտենք, այն պահվում է ԱԷԿ-ի հարթակում, բայց կարող է վերամշակվել»,- ասաց Արտյոմովան։

Օգտագործված վառելիքից դուրս են բերվում ուրանն ու պլուտոնիումը, որոնք կարող են օգտագործվել նոր կառուցվածքի ատոմակայաններում (արագ նեյտրոնների հիմքով), ինչպիսիք արդեն կան Ռուսաստանում։

Այսպիսով հնարավոր կլինի վերամշակել ծախսված վառելիքի 97%-ը և օգտագործել այն մինչև 7 անգամ: Թափոնների մնացած 3%-ը ցածր ակտիվության պատճառով չի կարող վերամշակվել, բայց նաև առանձնապես բարձր ճառագայթման վտանգ չի ներկայացնում: Դրանց դեպքում բավական է մակերեսային թաղումը, որտեղ կարող են պահվել 300 տարի։ Դրանից հետո թափոնների ակտիվությունը նվազում է` հասնելով ուրանի հանքաքարի մակարդակին, այսինքն` մեծ վտանգ չի ներկայացնում։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ