Последние новости

ՀՀ ԱՆ․ Արցախից Երևան տեղափոխված 4 ամսական փոքրիկի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա

Երկու օր առաջ՝ դեկտեմբերի 24–ին, Արցախից Հայաստան տեղափոխված 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

«4 ամսական փոքրիկին այժմ հսկում է այն բժիշկը, որը մինչև նրա Հայաստան տեղափոխվելը, բուժում էր հեռավար տարբերակով։ Բուժման կուրսը նույնն է, փոքրիկի առողջական վիճակում փոքր–ինչ դրական տեղաշարժ կա։ Երեխան մի քիչ աշխուժացել է, սկսել է ուտել, բայց հիվանդությանը հատուկ շարունակում է բարձր ջերմել, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր»,– ասաց Հռիփսիմե Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ 4 ամսական փոքրիկը Արցախի «Արևիկ» բուժմիավորումից Հայաստան էր տեղափոխվել Կարմիր Խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Եվս մեկ պացիենտ ավելի վաղ էր տեղափոխվել Հայաստան։ Դեկտեմբերի 12–ից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը ադրբեջանցիները փակել են։

Արցախի Առողջապահության նախարարության տվյալով, ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ