ԵԽ-ն Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքների մասին հրատապ բանաձև է ընդունել
Եվրախորհրդարանը «Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքների մասին» հրատապ բանաձև է ընդունել։ Տեղեկությունը Twitter–ում հայտնում է Բելգիայում Հայաստանի դեսպանատունը։
Բանաձևի տեքստում նշվում է, որ ինքնահռչակ բնապահպանների կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի փակման հետևանքով խախտվել է հիմնական ապրանքների և ծառայությունների, այդ թվում՝ սննդամթերքի, վառելիքի և դեղորայքի հասանելիությունը 120 000 հայերի համար, որոնք փաստացի շրջափակման մեջ են։
Շրջափակումը մարդասիրական լուրջ ճգնաժամի է հանգեցրել, ինչն անդրադարձել է բնակչության առավել խոցելի խմբերի վրա։ Ծանր հիվանդ բուժառուների տեղափոխումը գրեթե անհնար է, այս իրավիճակում մեկ մահվան ելք է արձանագրվել։ Բացի այդ, հարյուրավոր ընտանիքներ բաժանված են իրարից։
Մարդասիրական ճգնաժամն ավելի վատթարացել է Ադրբեջանի կողմից ԼՂ–ում բնական գազի մատակարարումն արգելափակելու պատճառով, ինչի հետևանքով տներ, հիվանդանոցներ և դպրոցներ են մնացել առանց ջեռուցման։
Ադրբեջանը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր միջազգային պարտավորությունները, որոնց համաձայն` Ադրբեջանը պետք է երաշխավորի միջանցքով երկկողմանի ուղղությամբ տեղաշարժվող մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը։
Տեքստում նշվում է նաև, որ Լաչինի միջանցքի ճանապարհին առկա խոչընդոտները արգելակում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և խաթարում միջազգային վստահությունը։
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները` Եվրախորհրդարանը.
1. Ցավում է Լաչինի միջանցքի շրջափակման և ԼՂՀ հակամարտության հետևանքով առաջացած ողբերգական մարդասիրական հետևանքների համար,
2. Հորդորում է Ադրբեջանին հարգել և կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և անհապաղ բացել Լաչինի միջանցքը, որպեսզի ապահովվի ազատ տեղաշարժն ու հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիությունը` այդպիսով երաշխավորելով տարածաշրջանի անվտանգությունն ու պահպանելով մարդկանց գոյության միջոցները,
3. Ընդգծում է համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, որը պետք է երաշխավորի ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել ԼՂ–ում ապրող հայերի իրավունքները և զերծ մնալ հայերի նկատմամբ խտրականություն սերմանող և ԼՂ–ն լքելու հորդորներով սադրիչ հռետորաբանությունից,
4. Հորդորում է Ադրբեջանին հետագայում զերծ մնալ Հայաստանի և ԼՂ–ի միջև տրանսպորտային, էներգետիկ և կոմունիկացիոն կապերը խաթարելուց,
5. Վճռականորեն դատապարտում է այն, որ Ադրբեջանն իրավապաշտպաններին քավության նոխազ է դարձնում, և հորդորում է ԵՄ ներկայացուցչություններին և անդամ երկրներին աջակցել իրենց աշխատանքին,
6. Կարծում է, որ ՌԴ խաղաղապահները, ՄԱԿ–ի մանդատի համաձայն, պետք է հրատապ փոխարինվեն ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով,
7. Հորդորում է ապահովել միջազգային կազմակերպությունների անարգել մուտքը ԼՂ` իրավիճակը գնահատելու և մարդասիրական անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար,
8. Հորդորում է ՄԱԿ–ի կամ ԵԱՀԿ–ի փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք` տեղում մարդասիրական իրավիճակը գնահատելու համար,
9. Հորդորում է Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա անհապաղ վերսկսել առանց նախապայմանների բանակցությունները,
ԵՄ–ն 10-րդ կետում հորդորում է ակտիվ մասնակցություն ցուցաբերել ԼՂ բնակչությանը «Բաքվի ակտիվության» հետևանքներից զերծ պահելու համար, Ռուսաստանի դերն անվանում է «ապակառուցողական», իսկ ԵԱՀՄ Մինսկի խմբին` «անգործունակ», իսկ 11-րդ կետում հանձնարարում է իր նախագահին ներկայիս բանաձևն ուղարկել Հայաստան, Ադրբեջան և միջազգային կազմակերպություններին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).