Последние новости

Վրաց-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատումը կրկին արդիական է

Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են վրաց-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցը, մասնավորապես՝ երկկողմ պետական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Ըստ jnews-ի՝ սահմանզատման հանձնաժողովի շրջանակներում քննարկվում է Դավիթ Գարեջիի վանական համալիրի հարցը։ 6-րդ դարի Դավիթ Գարեջի քարանձավային համալիրը գտնվում է Արևելյան Վրաստանի կիսաանապատային սարահարթում և մասամբ գտնվում է հարևան Ադրբեջանի տարածքում։ Այն ունի մոտ 20 վանք և ավելի քան 5 հազար խուց և ձգվում է պետական սահմանի երկայնքով մոտ 25 կիլոմետր։

Վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման համատեղ հանձնաժողովը ստեղծվել է դեռ 1996 թվականին։ Առաջին 15 տարիների ընթացքում նա կատարել է աշխատանքի գրեթե 70%-ը, սակայն 2007 թվականից գործընթացը կանգ է առել։ Վրաստանի և Ադրբեջանի միջև ընդհանուր սահմանի երկարությունը կազմում է մոտ 440 կիլոմետր։ Դրա շուրջ մեկ երրորդը, ներառյալ Դավիթ Գարեջի համալիրով անցնող հատվածը, դեռևս մնում է չհամակարգված։

Թբիլիսին վաղուց է հայտարարել, որ համալիրի մի մասը հայտնվել է Ադրբեջանի տարածքում խորհրդային ժամանակաշրջանի վարչական սահմանազատման արդյունքում։

Ինչպես հիշեցնում է լրատվամիջոցը, 2020 թվականի աշնանը Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել Վրաստանի և Ադրբեջանի տարածքների սահմանազատման հարցով։ Հետաքննության ձեռքում եղել են գործարար Դավիթ Խիդաշելիի 1937-1938 թվականների քարտեզները, որոնք նա բերել է Մոսկվայից։ Հենց դրանց հիման վրա Վրաստանի դատախազությունը սկսեց պնդել, որ սահմանազատման գործընթացն իրականացվում է ի վնաս Վրաստանի տարածքային շահերի։

Այդ կապակցությամբ մեղադրյալի աթոռին են հայտնվել Վրաստանի սահմանազատման հանձնաժողովի նախկին նախագահ Իվերի Մելաշվիլին և հանձնաժողովի նախկին անդամ Նատալյա Իլյիչևան։ Հոկտեմբերի 7-ին նրանց կալանավորել են, իսկ 8-ին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել։

Վրաստանի դատախազության տվյալներով՝ սահմանազատման գործընթացում ամբաստանյալները չեն օգտագործել 1937-1938 թվականների քարտեզը, որն արտացոլում է երկրի պատմական սահմանները, այլ առաջնորդվել են միայն 1970-1980 թվականներին հրապարակված քարտեզների սահմանագծերով։

Այս աշխատանքի հիման վրա 2006-2007 թվականներին, այսինքն՝ Միխայիլ Սահակաշվիլիի նախագահության օրոք, Թբիլիսիի և Բաքվի միջև համաձայնություն է ձեռք բերվել վիճելի տարածքների կարգավորման վերաբերյալ։

«Վրաստանը կարող է կորցնել մինչև 3500 հեկտար տարածք»,- այն ժամանակ հայտարարել էր դատախազ Ջարջի Ցիկլաուրին։ Վրաստանի իշխանությունները խոստացել են վերանայել գործարքը։

«Փաստինֆո»

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ