Последние новости

Պոլյանսկի. Հուլիսի 25-ին Ռուսաստանն առաջարկել է Աղդամով և Լաչինով միջանցքների զուգահեռ բացում

Հուլիսի 25-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների ընթացքում մեր կողմից առաջարկվել են լարվածության թուլացման իրատեսական փոխզիջումային հանգուցալուծումներ, որոնք կողմերը մշակում են։ Այս մասին օգոստոսի 16-ին Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Խոսքը վերաբերում է Աղդամով և Լաչինով միջանցքների զուգահեռ բացմանը՝ քաղաքացիական անձանց և ոչ ռազմական բեռների տեղաշարժի համար։ Դա անհրաժեշտ նախադրյալներ կստեղծի պաշտոնական Բաքվի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության լիազոր ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսության շուտափույթ մեկնարկի համար»,-նշել է նա։

Դիվանագետը մտահոգոթյուն է հայտնել Լաչինի միջանցքի շարունակական փակման կապակցությամբ։

Նրա կարծիքով՝ այժմ առավել քան երբևէ պահանջված են տեղում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության շուտափույթ ապաէսկալացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակումը և այլ մարդասիրական երթուղիների օգտագործումը։

«Ռուսաստանի Դաշնությունը, երկու կողմերի աջակցությամբ, առավելագույն ջանքեր է գործադրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուտափույթ լուծման, ինչպես նաև ընդհանուր առմամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար։

Անում ենք հնարավորը բոլոր մակարդակներում՝ տարածաշրջանում հումանիտար աղետ թույլ չտալու համար։ Շարունակում ենք եռանդուն շփումները ներգրավված բոլոր կողմերի հետ՝ Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների կայուն մատակարարումների անհապաղ վերականգնման նպատակով:

Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի՝ 2020-2022 թվականների հայտարարությունների ամբողջությունը մնում է Բաքվի և Երևանի հաշտեցման համար անայլընտրանքային ճանապարհային քարտեզ։

Եռակողմ պայմանավորվածությունների ներուժը սպառված չէ, և առանցքային բաղադրիչներն են Ռուսաստանի փորձագիտական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան և հետագա դեմարկացիան, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը աջակցությունը, խորհրդարանականների և հասարակության հեղինակավոր ներկայացուցիչների երկխոսության զարգացումը:

Այս ուղղություններից յուրաքանչյուրի համար որոշակի առաջընթաց է գրանցվել։ Ռուսաստանը տրամադրված է հետագայում ևս համապատասխան ջանքեր գործադրել։

Հայ-ադրբեջանական հաշտեցումն անհնար է պատկերացնել առանց Ադրբեջանի իրավական դաշտի շրջանակներում համընդհանուր ճանաչված միջազգային սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության և իրավունքների պահպանման հուսալի և հստակ երաշխիքների: Այս տրամաբանությունը բխում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին բազմիցս հաստատված, վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններից»,-հավելել է ՌԴ ներկայացուցիչը։

«Ակնկալում ենք, որ գործընթացի բոլոր մասնակիցներն իրենց մեջ կգտնեն տարաձայնությունները հաղթահարելու քաղաքական կամք՝ Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր բնակիչների աղետալի վիճակը թեթևացնելու և Բաքու-Ստեփանակերտ ձևաչափով կայուն երկխոսություն հաստատելու համար։

Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր պատասխանատու խաղացողների հետ, որոնք շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորմամբ և ընդհանրապես հայ-ադրբեջանական հաշտեցմամբ։

Նրանք, ովքեր անկեղծորեն հավատարիմ են այս սցենարին, որը հիմնված է ադրբեջանական և հայ ժողովուրդների արմատական շահերի վրա, պետք է մի կողմ թողնեն ցանկացած աշխարհաքաղաքական և տարաբնույթ ներքաղաքական նկատառումներ։

Կոչ ենք անում նաև ամենայն պատասխանատվությամբ մոտենալ այս համատեքստում Անվտանգության խորհրդի հարթակի օգտագործմանը։ Խնդիրներն ամեն դեպքում միմյանց միջև պետք է լուծեն Բաքուն և Երևանը, և ոչ մի պարտադրված սխեմա և հանգուցալուծում նրանց երկխոսությունը չի փոխարինի։ Մեր կողմից կշարունակենք խրախուսել նրան՝ կողմերին մոտեցնելով բարիդրացիական որոշմանը»,-եզրափակել է Պոլյանսկին։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ