Последние новости

Հայկ Մարության․ Կընդունենք Հ1-ի բանավեճի հրավերը, եթե վարողների մեջ չլինի Պետրոս Ղազարյանը

Կընդունենք Հանրային հեռուստաընկերության կազմակերպած Երևանի քաղաքապետի թեկնածուների բանավեճի հրավերը միայն այն պայմանով, որ դրա վարողների մեջ չլինի իշխանական պրոպագանդիստ Պետրոս Ղազարյանը, հայտարարել է Երևանի ավագանու ընտրություններին «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակի առաջին համար Հայկ Մարությանը։

«Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է, թե իբր երաշխավորում է բանավեճի անկողմնակալությունը և բազմակողմանիությունը։ Մեզ ներկայացված հրավերի մեջ նշվում է, որ բանավեճը վարողներից մեկը Հ1-ի լրատվականի հարցազրուցավար Պետրոս Ղազարյանն է։ Մարդ, որը հատկապես վերջին տարիներին իշխանութան օգտին իր կողմնակալ վերաբերմունքով ճանաչված է որպես թիվ 1 իշխանական պրոպագանդիստ՝ «հայկական Սոլովյով»,- գրել է Մարությանը։

Նա Ղազարյանին որակել է հաղորդավար, որը հատկապես նախընտրական այս շրջանում ոտնահարել է լրագրողական օբյեկտիվութան բոլոր նորմերը՝ ակնհայտորեն առաջ մղելով իշխանական օրակարգը։

«Բառացիորեն օրերս նա իր հարցազրույցներից մեկում զրպարտել է ինձ՝ որպես իրականություն ներկայացնելով իշխանական մեդիայի տարածած կեղծ թեզերը։ Բացի դրանից, Պետրոս Ղազարյանն առանց ողջամիտ բացատրության որոշել է, որ նախընտրական քարոզչության վերջին օրը՝ սեպտեբերի 15-ին, հարցազրույցի է հրավիրելու իշխանական թեկնածուին՝ սրանով ևս առավելություն տալով վերջինիս։ Սա այն դեպքում, երբ ընտրությունների հայտարարման օրը կրկին, չգիտես ինչ տրամաբանությամբ, հրավիրել էր իշխանական թեկնածուին»,- գրել է նա։

Մարությանի խոսքով՝ Պետրոս Ղազարյանի վարած միջոցառումները համարում են իրական բանավեճի իմիտացիա, ունեն բոլոր հիմքերը պնդելու, որ նա չի կարող անկողմնակալ մոդերատոր լինել և համոզված են, որ նրա մասնակցությամբ բանավեճը վերածվելու է իշխանական պրոպագանդայի հերթական սեանսի։

Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է օգոստոսի 23-ին և շարունակվելու է մինչև սեպտեմբերի 15-ը։

Armenia Today

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ