Последние новости

«Հայաքվե»․ Տագնապալի ազդանշաններ են ստացվում ընտրարշավի ժամանակ կատարվող խախտումների վերաբերյալ

Տագնապալի ազդանշաններ են ստացվում իշխանությունների կողմից ընտրարշավի ժամանակ իրականացվող խախտումների մասին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ սեպտեմբերի 14-ին ասել է «Հայաքվե» նախաձեռնության մոնիթորինգային առաքելության շտաբի ղեկավար Մենուա Սողոմոնյանը։

Նրա տեղեկացմամբ, վաղը կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Էրեբունի թանգարանին կից տարածքից Երևանի քաղաքապետարան նախատեսված երթին հարկադրաբար մասնակցելու են քաղաքային ծառայությունների և իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնք քաղաքական գործընթացներին միջամտելու իրավունք չունեն։

Նա տեղեկացրել է, որ երկրի մարզերից եկող բազմաթիվ քաղաքացիներին գրանցում են Երևանում, ինչը քվեարկության ժամանակ խնդիրներ կստեղծի լրացուցիչ ցուցակների հետ կապված։

Տագնապալի ազդանշաններից մեկը, ըստ նրա, կապված է այն բանի հետ, որ դրամական վարձատրման դիմաց բազմաթիվ «թաղ նայողներ» ակտիվորեն զբաղված են ընտրողներ հավաքելով և նրանց ուղղորդելով, ինչը նույնպես կարող է իր արտացոլումը գտնել քվեարկության ժամանակ։

Սողոմոնյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի իշխանություններն անհավասար պայմաններ են ստեղծել այլ ուժերի համար քարոզարշավի ընթացքում, այդ թվում վարչական ռեսուրսների օգտագործման, իրավապահների վերահսկողության բացակայության պատճառով։

Նա հիշեցրել է, որ իշխանության կուսակցությունից Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը չհայտարարված արշավ է սկսել դեռ մեկ տարի առաջ, իսկ Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը լուսաբանել է նրան գրեթե ամենօրյա ռեժիմով։ «Իշխանությունների հովանու ներքո և ֆինանսավորմամբ վարվում է սև փիառ Ավինյանի մրցակիցների դեմ։ Մինչև հիմա հայտնի չէ, թե ով է նվիրատվություններ կատարել այդ ֆոնդին։ Այստեղ գոյություն ունի լուրջ կոռուպցիոն սխեմա, քանի որ նախընտրական նվիրատվությունները կարգավորվում են Ընտրական օրենսգրքով, գոյություն ունեն դրամական սահմանափակումներ։ Դա վկայում է այն մասին, որ իշխանությունները լուրջ նյութական գերազանցություն ունեն այլ ուժերի նկատմամբ»,- ընդգծել է «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ իշխանություններն Ավինյանի երթին ներգրավում են երիտասարդներին՝ նրանց խոստանալով ժամը 1000 դրամ վճարել։ «Քաղաքային շատ պաշտոնյաներ, այդ թվում քաղաքապետի պաշտոնակատարը, ևս մասնակցում են Ավինյանի երթերին և քարոզարշավին, ինչը պաշտոնեական լիազորությունների չարաշահում է։ Բացի այդ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՊՈԱԿ 500 աշխատակցի ընտրություններից մի քանի օր առաջ պարգևներ են տվել։ Դա կաշառք է, ինչպես նաև իշխանությունների հայտարարությունը ընտրություններից առաջ անհատույց Մալաթիա-Սեբաստիա շրջանի սոցիալապես անապահով բնակիչներին կենցաղային տեխնիկա տրամադրելու մասին։ Այս բոլոր խախտումների առնչությամբ չի նախաձեռնվել ոչ մի քրեական վարույթ, չկա նաև ԿԸՀ արձագանքը»,- ավելացրել է նա։

Սողոմոնյանը համոզմունք է հայտնել, որ երբ որևէ դեպք հանրային ռեզոնանս է ստանում, իշխանությունները որոշակի գործողություններ են ձեռնարկում, դա նրանց թույլ տեղն է։ Նա պարզաբանել է, որ «Հայաքվե» նախաձեռնության մոնիթորինգային առաքելության դերն այն է, որ ապահովի այդ ռեզոնանսը և թույլ չտա իշխանություններին քայքայել երկրի դեմոկրատական ինստիտուտները։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ