Последние новости

Արցախի ՊՆ․ Ադրբեջանական զինուժը դիրքային առաջխաղացման փորձեր է ձեռնարկում

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են տարբեր զինատեսակներից կրակ արձակել շփման գծի երկայնքով։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ձեռնարկում են նաև դիրքային առաջխաղացման փորձեր։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։

Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական ​​միջոցներն ու ռազմական օբյեկտները։

Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Ադրբեջանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում առնվազն 2 զոհ կա, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 11-ը վնասվածքներ են ստացել, վիրավորներից 8–ը երեխաներ են։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ