Последние новости

ՀՀ-ն պաշտոնապես չի դիմել ՌԴ-ին սպառազինության մատակարարման պայմանագիրը խզելու հարցով

NEWS.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ-ն մինչ օրս պաշտոնապես չի դիմել ՌԴ-ին՝ երկրի ռազմաարդյունաբերական ընկերությունների հետ դեռևս 2021թ. կնքված միլիոնավոր դոլարների սպառազինության մատակարարման պայմանագիրը միակողմանիորեն խզելու և պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար տուգանք վճարելու պահանջով, չնայած նրան, որ պայմանագրով նախատեսված սպառազինությունը Հայաստանն այդպես էլ չի ստացել:

Նշենք, որ վերջին շրջանում տարբեր վերլուծաբաններ ու քարոզիչներ՝ հղում կատարելով «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքին, ակտիվորեն քննարկում էին այն տեղեկատվությունը, թե իբր Հայաստանի կառավարությունը, հաշվի առնելով արցախահայության բռնի տեղահանման հետևանքով առաջ եկած սոցիալական դժվարությունները, պաշտոնապես դիմել է ՌԴ-ին՝ պահանջելով հետ վերադարձնել սպառազինության մատակարարման համար վճարված մոտ 400 մլն դոլար գումարը, սակայն Ռուսաստանից մերժում է ստացել:

Հարցի առնչությամբ NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ պարզելու, թե 2021 թվականից ի վեր ՌԴ-ի ռազմարդյունաբերական ընկերությունների հետ սպառազինության մատակարարման պայմանագրերով նախատեսված պարտավորություններից քանի՞սը ռուսական կողմը չի կատարել, ի՞նչ պատճառաբանությամբ։ Հետաքրքրվել էինք նաև, թե արդյոք ՀՀ ՊՆ-ն ՌԴ ռազմարդյունաբերական ընկերությունների հետ միակողմանի խզե՞լ է զենքի մատակարարման պայմանագիրը և պահանջե՞լ է տուգանք վճարել պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար: Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը մերժել է տեղեկություն տրամադրել՝ հղում կատարելով «Պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված ցանկի 19-րդ կետին:

Համաձայն որոշման հիշյալ դրույթի՝ պետական գաղտնիքի շարքին են դասվում պետական պաշտպանական պատվերների, սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումների ծավալները, դրանց թողարկման արտադրական կարողությունների ծրագրերը (առաջադրանքները) բացահայտող տեղեկությունները:

Նկատենք սակայն, որ ՊՆ-ին ուղղված մեր հարցադրումները չեն առնչվում մատակարարումների ծավալներին, այլ վերաբերում են բացառապես մատակարարման պայմանագրերով նախատեսված պարտավորությունների չկատարման, դրանից բխող համապատասխան քայլերին:

Ուշագրավ է, որ Պաշտպանության նախարարությունը պետական գաղտնիք չի համարել և պաշտոնական աղբյուրներում դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին հրապարակել է փաստաթուղթ՝ 2021թ. հորդանանյան ընկերության հետ զենքի մատակարարման պայմանագրի խզման և համապատասխան տուգանքի վճարման վերաբերյալ:

Փաստաթղթում, որը հրապարակվել է ՀՀ ֆինանսների նախարարության պետական գնումների պաշտոնական կայքում, նշված է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2022թ. հոկտեմբերի 10-ին միակողմանի խզել է պայմանագիրը հորդանանյան Jadara Equipment and Defense Systems զենքի արտադրության ընկերության հետ: Նամակում պաշտպանական գերատեսչությունը մատակարարից պահանջում է ծանուցումն ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում Հայաստանին վերադարձնել 23,2 մլն դոլարի տուգանք, քանի որ ընկերությունը հայկական կողմին սպառազանությունը չի մատակարարել՝ դրանով իսկ խախտելով 2021 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված պայմանագրի 6.2-րդ կետը։

Փաստորեն՝ մի դեպքում ՀՀ պաշտպանության նախարարությունը սպառազինության մատակարաման պայմանագրի դրույթները խախտելու համար խզում է պայմանագիրն ու այդ մասին իրազեկում հանրությանը, իսկ մյուս դեպքում՝ սահմանափակվում կուլիսներում և արևմտամետ վերլուծաբանների հետ փակ հանդիպումների շրջանակներում ռուսական կողմից դժգոհելով:

Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Նովայա գազետա Եվրոպա» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը չի ստացել այն սպառազինությունը, ինչը պատվիրել և ինչի համար վճարել է Ռուսաստանին։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ