Последние новости

Լուիս ՄՈՐԵՆՈ ՕԿԱՄՊՈ․ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ Է

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն կարծում է, որ պետությունները միտումնավոր կերպով անտեսում են ցեղասպանությունների վտանգը, որպեսզի պարտավորվածություն չկրեն դրանք կանխելու համար։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մորենո Օկամպոն նշել է, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնի տեղահանումը ևս ցեղասպանության ձև է՝ շեշտելով, որ ցեղասպանությունը միայն մասսայական սպանությունը չէ։

- Պարոն Օկամպո, Դուք օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետության նախագահին տրամադրեցիք և ապա հրապարակեցիք ձեր մասնագիտական տեսակետը՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և ամբողջական պաշարումը համարելով ցեղասպանություն։ Ի՞նչ գործընթաց կարելի էր այդ ժամանակ սկսել՝ առաջիկա աղետի առաջն առնելու համար։

- Զեկույցը կարևոր էր, քանի որ մենք հանրային կարծիք ստեղծեցինք: Այնուամենայնիվ, պետությունները ինչ-որ զարմանալի բան են անում նրանք միտումնավոր անտեսում են ցեղասպանության վտանգը, որպեսզի խուսափեն ցեղասպանությունը կանխելու պարտավորությունից սա այն է, ինչին մենք հանգեցինք: Հիմնականում պարզեցինք, որ պետությունները փորձում են խուսափել ցեղասպանություն բառից։ Նույնիսկ այն դեպքում, երբ ԱՄՆ Կոնգրեսը վերցրեց իմ զեկույցը և սկսեց գործունեություն ծավալել, այն ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտը, առանց ցեղասպանության մասին հիշատակելու, ասաց, որ միջազգային մակարդակով պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղը։ Բայց արդեն ուշ էր։ Նրանք դա ասացին, իսկ երեք օր անց Ալիևը հարձակվեց։

- Ինչպե՞ս եք մեկնաբանում սեպտեմբերի 19-ից հետո տեղի ունեցածը։ Թվում է, թե շատերը, ցեղասպանություն ասելիս, միայն կոտորած են պատկերացնում։ Բայց մի քանի օրում հարյուր հազարից ավել մարդ, թողնելով ամեն ինչ, լքեց սեփական հայրենիքը։

- Դա նույնպես ցեղասպանություն է` համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի B կետի (խմբի անդամին մարմնական կամ հոգեկան ծանր վնաս հասցնելը)։ Խուան Մենդեսի նոր զեկույցը կա, որում ասվում է, որ այն փաստը, որ 100 հազար մարդ հեռացել է, ցույց է տալիս հոգեբանական վնասը, քանի որ նրանք թողել են ամեն ինչ։ Ուրեմն դա ցեղասպանության տեսակ է, ցեղասպանությունը միայն սպանություն չէ: Այո, սպանությունը զանգվածային չէր, բայց հոգեկան վնաս կա՝ ամբողջ համայնքը լքեց իր հայրենի հողը։

- Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար ի՞նչ իրավական մեխանիզմներ կան, որոնք կարող են գործել և որքանով եք Դուք իրատեսական համարում այս մարդկանց իրավունքների վերականգնումն՝ ըստ միջազգային նորմերի։

- Կարծում եմ՝ հիմա կարևոր է, որ Ֆրանսիան հարցը դրան է տանում: Կարևոր պետություն է, որը առաջ է մղում օրակարգը, և դրա համար մենք պետք է պայքարենք: Պետք է պայքարել ժողովրդի իրավունքը հարգելու համար, քանի որ ժողովուրդը, եթե անգամ այնտեղ չէ, միևնույնն է՝ այդ հողի ու գույքի տերն է, ուստի պետք է հարգել նրա իրավունքները։ Եվ ես այլ առաջնահերթ խնդիր եմ համարում ապաքինվելը, պատանդներին ազատելը։ Ադրբեջանում կա 53 բանտարկյալ։ Խնդիրն այն է, որ միջազգային իրավունքն այնպես չի գործում, որ, օրինակ, եթե ինչ-որ մեկը գողանա քո հեծանիվը, դու կարող ես դիմել ոստիկանություն և դատարան: Ոչ, նման բան չկա: Մենք ունենք Արդարադատության միջազգային դատարան, ենթադրաբար, պետությունների համար, և կա Միջազգային քրեական դատարան՝ անձանց հետապնդելու համար: Այդ մարդկանց ազատ արձակելու իրավական գործընթացը պարզ չէ, բայց մենք պետք է քաղաքականապես զարգացնենք գործընթացը։ Այդ իսկ պատճառով այս համաժողովը (խմբ Եվրախորհրդարանում ԼՂ-ի հարցով համաժողովը) կարևոր էր։

- Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության պահվածքը, ի՞նչ կարող էր անել միջազգային հանրությունը, որ չարեց, և այդ անգործությունը հանգեցրեց այս արդյունքին։

- Դե, դա խնդիր է, ձախողում: Որովհետև աշխարհը չունի գլոբալ ինստիտուտներ։ Հիմնականում միակ գլոբալ անկախ ինստիտուտը Միջազգային քրեական դատարանն է, և վերջ։ Դա բավական չէ։ Պատկերացրեք մի երկիր, որտեղ կա ընդամենը մեկ դատարան, առանց կառավարության ու քաղաքական համակարգի: Այնպես որ, Հայաստանը պետք է ներգրավվի խնդրի լուծմանը։ Եվ ահա թե ինչու նման հանդիպումները, քաղաքական առաջնորդների հետ քննարկումներն այն մասին, թե ինչ կարող են անել, այն է, ինչ մենք պետք է անենք: Հայաստանը ցույց է տալիս, որ վտանգի տակ է ոչ միայն ինքը, այլ քաղաքակրթությունը, և այդ պատճառով հայերը միայնակ չեն: Բայց Հայաստանը վճռորոշ է։ Հայաստանն ունի շատ կարևոր համայնք ամբողջ աշխարհում։ Դա անհավանական ուժ է, որը դուք ունեք, և մենք կարող ենք օգտագործել դա:

- Կան որոշ հակամարտություններ, որոնց ավելի շատ է ուշադրություն դարձվում, քան մյուսներին։ Կարծեք թե, բոլոր երեխաները չէ, որ երեխա են, բոլոր կանայք չէ, որ կին են։ Ո՞րն է Ձեր բացատրությունն այս երկակիությանը։

- Դե գիտեք, լրատվամիջոցների ուշադրության տիրույթը ընդամենը 6 վայրկյան է: Դա նորմալ է: Դարֆուրի ցեղասպանությունն առաջին տեղում էր լրատվամիջոցներում, հետո եկավ Արաբական գարունը, հետո Լիբիան, հետո Սիրիան, հետո Ռուսաստանը, եզդիները, հետո ռոհինջաները: Միշտ կա նոր հակամարտություն, որը ծածկում է նախորդ հակամարտության ձախողումը: Եվ ահա թե ինչու այս տարի՝ 2023 թվականին, հինգ ցեղասպանության ականատես եղանք: Հիմա ժամանակն է դա շտկելու: Այն փաստը, որ հայկական համայնքը և հրեական համայնքը այդքան տարածված են, իսկապես կարող է օգնել փոխելու այս իրավիճակը: Ես հասկանում եմ, որ հայ համայնքի համար շատ դժվար պահ է, որ նույնիսկ հնարավոր են հարձակումներ Հայաստանի վրա, բայց դու պետք է հասկանաս, որ երբեք չես հաղթում, եթե դադարես պայքարել։ Այսպիսով, դուք պետք է շարունակեք պայքարել, և դուք միայնակ չեք:

Լիլիթ Գասպարյան, «Արմենպրես»

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ